Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանը, ում Սերժ Սարգսյանն առաջարկել է ստանձնել ՀՀ նախագահի պաշտոնը, ԱԺ֊ում լրագրողներին ասել է, որ նրանք պրոբլեմ են փնտրում մի տեղ, որտեղ պրոբլեմ չկա։ Հարցը վերաբերում էր նրա երկքաղաքացիությանը, քանի որ ՀՀ նախագահը պետք է վերջին 6 տարվա ընթացքում միայն Հայաստանի քաղաքացիություն ունենա։ Այսօր hetq.am֊ը գրել էր, որ Eurasia House International ընկերության 2014֊ի փաստաթղթերում Արմեն Սարգսյանը ներկայանում է որպես Բրիտանիայի քաղաքացի։
Այսօր նա, այնուամենայնիվ, հայտարարել է, որ ինքը 2011 թվականին հրաժարվել է Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից․ «Ես հրաժարվեցի, որովհետև անհրաժեշտությունը վերացավ, ոչ թե որ 2011 -ին մտածում էի, որ դուք Սահմանադրությունը պիտի փոխեք, ես պիտի դեսպան դառնամ, և հետո դառնամ թեկնածու»։
Իր ելույթի այդ հատվածում Արմեն Սարգսյանն անգլերեն բառեր էր օգտագործում։
«2000 թվականին, երբ որ ես ազատվեցի հրամանով Հանրապետության դեսպանի պաշտոնից, ընդ որում՝ աշխատում էի նորից առանց աշխատավարձի․․․ Դրանից հետո ես դիմել եմ քաղաքացիության համար Բրիտանիայում, և ստացել եմ քաղաքացիությունը 2002 թվականին, օքե՞յ։ Դրանից հետո քաղաքացիությունից հրաժարվել եմ 2011֊ին։․ Դուք բան եք բերում՝ Companies House և այլն։ Ես տասնյակ կամզակերպությունների անդամ եմ եղել՝ սկսած World Economic Forum֊ից, Euro-Atlantic Council֊ից և այլն, և այլն։ Եվ ինչ֊որ տեղեր գրանցված է, որ ես բրիտանացի եմ, ինչ֊որ տեղեր՝ հայ։ Financial Times֊ում հայտարարություն չեմ տվել, որ հրաժարվել եմ բրիտանական քաղաքացիությունից։ Եվ էդ բոլոր տեղերում ինձ ընդունել են որպես Արմեն Սարգսյան, ոչ թե որպես Բրիտանիայի քաղաքացի, կամ բան։ Ձեր reference-ը (հղում֊խմբ․), որ դուք տալիս եք․․․ Eurasia House֊ն իմ հիմնադրած կազմակերպությունն է, որը 2000֊ականներին ես հիմնադրել եմ։ Դրա դուստր կազմակերպությունը Քեմբրիջի համալսարանում ինստիտուտ էր, կոչվում է Eurasia Center, որը տասնյակ հայ երիտասարդների կրթություն է տվել Բրիտանիայում, Հարվարդում և ուրիշ տեղեր։ 2010-ին այդ կազմակերպությունը կանգնեց գործելուց։ Տարբեր պատճառներով, օրինակ, դա մաս էր Քեմբրիջի համալսարանի Judge կառավարման դպրոցի, որը դարձավ բիզնես դպրոց, և մենք մտածում էինք դա տեղափոխել Օքսֆորդի համալսարան։ Իր մայր ընկերությունը դարձավ սառեցված՝ dormant։ Եվ տնօրեն չի նշանակվում, դիրեկտոր»,֊ ասել է Արմեն Սարգսյանը։
Նախագահի թեկնածուն հստակ չի պատասխանել լրագրողների հարցին՝ արդյոք Հայաստանում կան քաղբանտարկյալներ։
«Ես չգիտեմ՝ կա քաղբանտարկյալ, թե ոչ․․․ Ես գիտեմ կան անհատներ, որոնք հասարակության կողմից գնահատվում են քաղբանտարկյալ, ես գիտեմ միջազգային տարբեր կառույցների կարծիքները։ Եվ իմ տեսակետը, որ քաղբանտարկյալներ այսօր կամ վաղը չպետք է լինեն։ Բայց ով է որոշում քաղբանտարկյալը…»,֊ ասել է նա։
Նա նաև դժգոհել է, որ իր մասին մամուլը գրում է «մասոն, այլմոլորակային, Templar (տաճարականների միաբանության անդամ֊խմբ․)»։