Երևանի հատուկ դպրոցներում սովորող երեխաներից շատերն առանձնահատուկ կրթության կարիք չունեն։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը՝ նշելով, որ դպրոցի տնօրեններին ձեռնտու է շատ աշակերտներ ունենալ։
«Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող 3 հատուկ դպրոցներում 2017֊2018 թթ․ սովորում են 310 աշակերտներ, իսկ տարեկան պետական սուբսիդիան կազմում է 382 միլիոն 120 հազար դրամ։ Հաշվետվություններում երեխաների հատուկ կարիքների համար ծախսված գումարների մասին չկա ոչ մի բան գրված, մինչդեռ սա շատ մեծ գումար է, և արդյոք այդ գումարն իսկապես ծախսվում է նպատակային»,֊ ասել է Բախշյանը։
Նրա խոսքով՝ հիմնական դպրոցներում յուրաքանչյուր աշակերտի համար պետությունը տարեկան 125֊135 հազար դրամ է տրամադրում, մինչդեռ հատուկ դպրոցներում՝ 1 միլիոն 329 հազար դրամ։
«Ծնողները երեխաներին տանում են հատուկ դպրոց առանց մտածելու, որ իրենց երեխան վաղը ստանալու է փաստաթուղթ, որտեղ դրված է լինելու մտավոր թերզարգացում ունեցողների դպրոցի կնիք։ Իսկ տնօրենի համար յուրաքանչյուր երեխան 1 մլն դրամ է, ինչի՞ պետք է հրաժարվի»,֊ ընդգծել է ավագանու անդամը։
Բախշյանի պնդմամբ՝ նա այս խնդրի մասին խոսել է դեռ 2017֊ին, իսկ նույն տարվա նոյեմբերին ահազանգել ՄԻՊ գրասենյակ, որտեղ խոստացել են մոնիթորինգ իրականացնել, սակայն, դեռևս չեն արել։
«Հուսամ շուտով կանեն»,֊ եզրափակել է Բախշյանը։