«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը պնդում է, որ տարին երկու անգամ ստուգում է բնակարաններում տեղադրված գազի արտահոսքն արձանագրող սարքերը, սակայն չի պարզաբանում, թե ինչ սարքավորումներով և եղանակով է դա անում։ Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի տեսանյութում երևում է, որ սարքն արտահոսքը չի արձանագրում, իսկ մեր հարցմանը մասնակցած մարդիկ մեծամասամբ ասել են, որ իրենց տանը սարքերը չեն ստուգվում։
Փետրվարի 20-ին Երևանի Վրացական փողոցի շենքերից մեկի բնակարանի գազի արտահոսքին և դրան հաջորդած պայթյունին արձագանքել է քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին։ Facebook սոցիալական ցանցի իր էջում նա տեսանյութ է տեղադրել, որտեղ երևում է, թե ինչպես է ինքը բացում գազօջախի աչքերից մեկը առանց վառելու, իսկ այդ պահին բնակարանում տեղադրված հատուկ սարքը չի արձանագրում արտահոսքը և չի միանում։ «Գազպրոմ֊Արմենիա» ընկերության ներկայացուցիչը, իր հերթին, չի արձագանքում դրան՝ հայտարարելով, որ սարքը լավ էլ աշխատում է։
Մեզ հետ զրույցում Գասպարին ասել է, որ ինքը գրավոր դիմել է «Գազպրոմ Արմենիա» և խնդրել է պարզաբանել՝ արդյոք տներում և բնակարաններում տեղադրված գազի արտահոսքը արձանագրող սարքերը երբևէ ստուգվում են: «Գազպրոմ Արմենիայից» պատասխանել են, որ սարքերը ստուգվում են տարին 2 անգամ. ավելին՝ նույնիսկ բաժանորդները համապատասխան թերթիկում ստորագրում են, որ գազի արտահոսքն արձանագրող սարքը ստուգվել է և այն գտնվում է սարքին վիճակում:
Epress.am֊ը և Գասպարին երևանաբնակ ծանոթների շրջանում փոքր հարցախույզ են իրականացրել։ Հարցվածների գերակշիռ մեծամասնությունը նշել է, որ այդ սարքերը չեն ստուգվում, և միայն շատ փոքր մասն է հայտնել, որ իրենց բնակարանի սարքը ստուգումների է ենթարկվում։ Հարցվածներից մեկն էլ ասել է, որ իր բնակարանի սարքը սկսում է արտահոսքն արձանագրել, երբ գազի վառարանն անջատված է և միևնույն ժամանակ օդի ջերմաստիճանը բնակարանում նվազում է +10֊ից։ Նա ասել է, որ դա արձանագրել է մի քանի անգամ, երբ որոշ ժամանակով տանից գնացել է, բնակարանն այդ ընթացքում չի թաքացվել, իսկ վերադառնալիս տեսել է, որ սարքն արտահոսք է ազդարարում, թեև իրականում արտահոսք չի եղել։
Սարքերի անպիտանության մասին է վկայում նաև այն փաստը, որ դրանք աշխատում են հոսանքով, բայց երբ բնակարանը հոսանքազրկվում է և սարքը անջատվում է, գազից կարելի է շարունակել օգտվել։
Գասպարին կրկին դիմել է «Գազպրոմ Արմենիա»՝ խնդրելով մանրամասն նկարագրել՝ ինչպե՞ս, ի՞նչ սարքավորումներով և ի՞նչ ձևով են ստուգվում գազի արտահոսքն արձանագրող սարքավորումները:
Հարցումն ուղարկվել է 01.02.2018- ֊ին, մինչև նյութի հրապարակումը նա պատասխան չի ստացել։ Քաղաքացիական ակտիվիստը կարծում է, որ ընկերությունը որևէ պատասխան չունի, իսկ դա նշանակում է, որ սարքերը գերակշիռ մեծամասնությամբ չեն ստուգվում, և միայն հերթական ողբերգական դեպքից հետո է հնարավոր արձանագրել գազի արտահոսքը: