«Երկիր Ծիրանի» կուսակցությունը դիմում-բողոք է գրել Հայաստանում այլ երկրների դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին՝ նրանց ուշադրությունը հրավիրելով փետրվարի 13-ին ավագանու նիստի ժամանակ գրանցված «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներին ծեծի ենթարկելու դեպքի վրա։
Կուսակցությունը ՀՀԿ֊ական ավագանու անդամների գործողությունները որակում է որպես քաղաքական դիրքորոշման հետապնդում և կանանց դեմ բռնության շարունակական բնույթ կրող իրողություն և խնդրում է միջոցներ ձեռնարկել՝ պատասխանատվության կանչելու ՀՀ իշխանություններին՝ նրանց կողմից միջազգային պարտականություններից հրաժարվելու վերաբերյալ:
Դիմում֊բողոքում նշված է, որ իրավապահ մարմինները դրսևորում են հովանավորչություն Տարոն Մարգարյանին և ՀՀԿ-ականների նկատմամբ՝ դեպքի առթիվ քրեական գործ հարուցելով ընդամենը խուլիգանության և ծեծի հոդվածներով:
«Երկիր Ծիրանին» ընդգծում է, որ Մարինա ԽաչատրյանԵրևանի քաղաքապետարանում իր ներկայացուցիչների նկատմամբ ոչ միայն բռնություն է գործադրվել, այլ նաև խոչընդոտվել է քաղաքական դիրքորոշումը արտահայտելը, արգելվել է ազատ տեղաշարժը, Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություն է իրականացվել, խմբակցության անդամները նիստերի դահլիճից բռնությամբ առևանգվել են՝ նրանց նկատմամբ հոգեբանական ճնշում իրականացնելու նպատակով, «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների աշխատանքային իրերը դահլիճից հանել են, Մարինա Խաչատրյանի հեռախոսը խլել և կոտրել են, հոգեբուժարանից բուժակներ են կանչել, որոնք հերթապահել են «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների թիկունքում ընդմիջման ու նիստի ընթացքում։ Այդ ընթացքում խոչընդոտվել է նաև ԶԼՄ֊ների գործունեությունը։
«Երկիր Ծիրանին» ընդգծում է, որ այս ամենը որակելը որպես ծեծ և խուլիգանություն և մասնավոր մեղադրանքի հիմքով քրեական հետապնդում իրականացնելը բացահայտ մատնանշում են, որ ՀՀ իրավապահ մարմինները հրաժարվում են իրականացնել իրենց վերապահված ուղղակի (պոզիտիվ) պարտականությունները:
Դիմումի հեղինակները վստահ են, որ պետք է քրեական գործ հարուցվեր ՀՀ քր․օր֊ի հետևյալ հոդվածներով․
131՝ Մարդուն առևանգելը,
139` Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները,
143` Քաղաքացիների իրավահավասարության խախտելը,
161` Կուսակցության գործունեությանը խոչընդոտելը,
164` Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը,
308` Պաշտոնական լիազորությունների չարաշահումը,
309.1՝ Խոշտանգումը,
316` Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը։
Հեղինակների պնդմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի վերը թվարկված հոդվածներով քրեական հետապնդում չիրականացնելը խախտում է «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների մի շարք հիմնարար իրավունքները և ազատությունները, մասնավորապես․
Հայաստանի Հանրապետությունը, ստանձնելով միջազգային պարտականություններ, խախտել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների Եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) մի շարք հոդվածներ:
Այսպես, Կոնվենցիայի 1-ին հոդվածով նախատեսված` մարդու իրավունքները հարգելու պարտականությունը ոտնահարվել է:
Հանրահայտ փաստերը` Երևանի ավագանու 13 փետրվարի 2018 թվական նիստի ընթացքում նկարագրված բռնությունները, որոնք լուսաբանվել են լրատվամիջոցների բազմաթիվ ներկայացուցիչների և սոցիալական ցանցերի օգտատերերի միջոցով, և որոնք դատապարտվել են մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի շարք հասարակական կազմակերպությունների կողմից, պատշաճ պաշտոնական արձագանքի չեն արժանացել․
«Այսպիսով, Հայաստանի Հանրապետությունը ձախողել է իրականացնել իր պարտավորությունները՝ ոտնահարելով մարդու իրավունքները հարգելու պարտականությունը: Խախտվել են Կոնվենցիայի 3-րդ հոդվածը` խոշտանգումների արգելումը, 5-րդ հոդվածը` ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, 10-րդ հոդվածը` արտահայտվելու ազատության իրավունք և 14-րդ հոդվածը` խտրականությունից զերծ լինելու իրավունք:
Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանի նկատմամբ սեքսուալ գործողություն իրականացնելը խախտել է Եվրոպայի Խորհրդի կոնվենցիան Կանանց նկատմամբ բռնությունների և ընտանեկան բռնությունների կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին (Ստամբուլյան կոնվենցիա):
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը դիմում է ժողովրդավարության ջատագով Հայաստանի Հանրապետությունում գործող դեսպաններին և ուշադրություն հրավիրում քաղաքական դիրքորոշման հետապնդման և կանանց դեմ բռնության շարունակական բնույթ կրող իրողությանը և հայցում միջոցների ձեռնարկում՝ պատասխանատվության կանչելու Հայաստանի Հանրապետության իշխանություններին՝ նրանց կողմից միջազգային պարտականություններից հրաժարվելու վերաբերյալ»:
Դիմում-բողոքը ուղարկվել է ԵՄ ղեկավարին, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի Իտալիայի, Լեհաստանի, Հունաստանի, Շվեյցարիայի, Բուլղարիայի, Լիտվայի, Շվեդիայի, Չեխիայի, Ռումինիայի, Վրաստանի դեսպաններին։