«Սասնա ծռեր» խմբի գործողությունները կապվում են արտաքին մարտահրավերների հետ։ Այս մասին Epress.am֊ի հետ զրույցում ասել է «Սասնա ծռեր» խմբի անդամներ Պավել և Արամ Մանուկյանների փաստաբան Հարություն Բաղդասարյանը։
Նա ենթադրություն է արել, որ խմբի անդամների շուրջ ստեղծված այսօրվա իրավիճակը որոշակի առումով արտաքին հարաբերությունների թելադրանքն է։ Մասնավորապես, նա հիշեցրել է, որ 2015 թվականի «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության 5 անդամների ձերբակալությունը (այդ թվում՝ ներակայումս «Սասնա ծռերի» անդամներ Պավել Մանուկյանի և Վարուժան Ավետիսյանի֊խմբ․) տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Հայաստան է այցելել այն ժամանակ Ռուսաստանի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը։ Բաղդասարյանի կարծիքով՝ Նարիշկինը Հայաստանի իշխանություններին ասել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլի 24-ին Հայաստան կժամանի միայն այն դեպքում, եթե վստահ լինի, որ երկրում հակառուսական գործողություններ չեն իրականացվի։
Անցյալ շաբաթ նույն Նարիշկինը՝ ներկայումս ՌԴ ներքին հետախուզական ծառայության տնօրեն, այցելել էր Հայաստան։ Այդ առնչությամբ Բաղդասարյանն ասել է․ «Եթե մեր պատկերացումները և ենթադրությունները ճիշտ են, ապա Նարիշկինի գալով պայմանավորված դարձյալ որոշակի խնդիրներ պիտի լուծվեն»։
Նա նշել է, որ ենթադրաբար հայկական կողմի հետ հանդիպման ժամանակ Նարիշկինը քննարկել է Սիրիայի հիմնախնդիրը, քրդական հարցը, բայց «բացառվում է, որ «Սասնա ծռերի» վերաբերյալ Նարիշկինը դիրքորոշում չունենար»։
«Սասնա ծռերի» դատավարության ընթացքի, պաշտպան կողմի մարտավարության, ՄԻԵԴ դիմելու հավանականության մասին՝ տեսանյութում․