Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության համագումարի ժամանակ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զինվորական համազգեստ կրող աղջնակի խոստացել է պատվով հուղարկավորել, եթե նա զոհվի հանուն հայրենիքի։ Էրդողանի խոսքերը լայն արձագանք են առաջացրել ոչ միայն Թուրքիայում, այլև՝ աշխարհի մի շարք երկրներում։
Կահրամանմարաշ նահանգում տեղի ունեցած ժողովի ընթացքում Էրդողանը բեմ է բարձրացրել Թուրքիայի հատուկ նշանակության ջոկատի՝ «Մուգ կարմիր բերետների» համազգեստ կրող 6-ամյա աղջնակի։ Նախագահը սկսել է համբուրել արտասվող Ամինե Թիրաշին ու նրան խրատել, թե «մուգ կարմիր բերետավորները լաց չեն լինում»։ Այնուհետև նախագահը դիմել է հավաքվածներին․ «Նրա գրպանում Թուրքիայի դրոշն է։ Եթե նա զոհվի հանուն հայրենիքի, ապա նրան կծածկեն դրոշով։ Նա պատրաստ է ամեն ինչի»։ Բուռն ծափահարությունների ներքո Էրդողանն աղջնակին հարցրել է․ «Այդպես չէ՞»։ Ամինեն պատասխանել է․ «Այո»։
Քննադատները նախագահին մեղադրում եմ երեխաներին քաղաքական նպատակներով օգտագործելու մեջ ու Էրդողանին առաջարկում նույնն անել իր իսկ թոռնուհու հետ․ հարցնում են նաև՝ ինչո՞ւ Էրդողանի որդիները չեն ծառայել թուրքական բանակում։
«Եվրոնյուզի» հաղորդմամբ՝ վերջին շաբաթների ընթացքում Սիրիայում քրդերի դեմ իրականացվող ռազմական գործողությունների ֆոնին Էրդողանի մասնակցությամբ միջոցառումներին մշտապես հայտնվում են կամ զինվորական համազգեստ կրող, կամ՝ ռազմահայրենասիրական բնույթի բանաստեղծություններ ընթերցող երեխաներ։