Հերթական «աղբը» հայկական հեռուստատեսություններից մեկի եթերում: Այսպես է մեկնաբանել «Արմենիա» հեռուստաընկերությամբ ցուցադրվող «Գնված երջանկություն» սերիալը Գենդերային հետազոտությունների և առաջնորդության ԵՊՀ կենտրոնը՝ կիսվելով նաև սերիալի մասին պատմող ռեպորտաժի լինկով։
«Հեռուստասերիալ, որի սցենարում կանայք ներկայացված են որպես «գրազի» օբյեկտ, որտեղ հայրը «գործարքի է վերածում» սեփական դստեր ամուսնությունը, իսկ դուստրը հրաժարվում է Օքսֆորդի համալսարանում սովորելու մտքից՝ կատարելու համար հոր ցանկությունը․․․»,֊ ասված է գրառման մեջ։
Միևնույն ժամանակ «Գնված երջանկություն» սերիալի մասին պատմող «Արմենիա»֊ի ռեպորտաժում գործադիր պրոդյուսեր Արա Բաղդասարյանն ընդգծում է, որ բռնության տեսարաններ չկան։
«Բացակայում են բռնության, սպանության, ծեծկռտուքի և արյունոտ տեսարանները։ Հետաքրքիր, դինամիկ, արագ զարգացող իրադարձություններով լի ֆիլմ է, 18֊ից բարձր հեռուստադիտողի համար»,֊ ասել է Բաղդասարյանը։
Գենդերային հետազոտությունների և առաջնորդության ԵՊՀ կենտրոնն ընդգծում է, որ «հեռուստասերիալը ստեղծողների կարծիքով հեռուստադիտողը կունենա մտածելու, վերապրելու ու իր արժեհամակարգը վերապրելու հնարավորություն: Բավական է դիտել միայն մի հատված առաջին իսկ սերիայից, և ամեն ինչ պարզ է դառնում»:
Նույն կենտրոնը սերիալներում բռնության տեսարանների և սեքսիզմի մասին խոսել էր նաև նախկինում։
Ավելի վաղ սերիալներում կանանց նվաստացման մասին խոսվել էր նաև Վորլդ Վիժն Հայաստանի «Հոգատարություն հանուն հավասարության» ծրագրի «Տարբեր և հավասար» սոցիալական մեդիա արշավի ժամանակ։