«Նալբանդն իստակ անցել է, բալես, Նաբանդ չկա, Սպիտակի ամենամեծ գյուղում մարդ չի մնացել․․․ որ իրիգունը անցնես, մի փողոցի վրա տասը լույս չի վառվի, բոլորը թողել-գնացել են, շատերն էլ մահացել են։ Հը բը հետո՞․․․»
Լոռու մարզի նախկինում Նալբանդ, այժմ Շիրակամուտ կոչվող գյուղում կյանքը բաժանվում է` «ժաժքից առաջ ու հետոյի»։ 1988 թվականի երկրաշարժի էպիկենտրոնը Նալբանդն է եղել, գյուղը հիմնահատակ ավերվել է։
«Օրենքով մեր գյուղի բոլոր մարդկանց պետք է թոշակավորեին», ֊ բողոքում են նալբանդցիները։
Երկրաշարժի հետևանքները կամաց-կամաց վերացվել են։ Մինչև այսօր կառուցվել է 491 տուն, մոտ 30 տուն էլ պետք է կառուցվի․ «Մեր գյուղում հիմնական թեման ժաժքը չէ, ստից-մտից, բայց վերականգնել են, իրական խնդիրն էն է, որ մարդիկ չեն կարում ապրեն, սաղ գյուղը դատարկվում է»։
Գյուղը՝ դատարկ է, տներում ավելանում է սկայպը
Սովետի ժամանակ Նալբանդը մեծ գյուղ էր։ Եղել են, կարի արտադրամաս, լիֆտերի գործարանի ենթաճյուղ։ Շատերն աշխատել են երկաթգծում։ Երկրաշարժն ամեն ինչ ավերել է։ Տներից, դպրոցից ու գյուղապետարանից բացի, գրեթե ոչինչ չի վերականգնվել։
Վերջին ընտրություններից առաջ չինովնիկները եկել են գյուղ, խոստացել կառուցել կաթի վերամշակման գործարան, եթե իրենց ընտրեն։ Ու՞ր է էդ գործարանը։
«Ես ասել եմ, որ էդ գործարանը սարքեն, ես էշի պես զռալու եմ», ֊ ասում է նալբանդցի մոտ 60 տարեկան մի տղամարդ։
Քայլում ենք գյուղի ցեխաջրափոսերով առատ փողոցներով։
«Էս տանը մարդ կա, էս տանը՝ չկա, էս էլ չկա, էստեղ 80 տարեկան կին է ապրում, սաղ Ռուսաստան են, նույն վիճակն էլ էս փողոցում է՝ երկուսը մեկ են ապրում», – պատմում են մեր ուղեկիցները։
Տղաները գնում են բանակ, հետ գալիս, աշխատանք չեն գտնում, գնում Ռուսաստան, հետո մի անգամ էլ են հետ գալիս, ամուսնանում ու վերջնական գնում։ Սա գյուղի համար վերջին տարիներին դասական դարձած պատմություն է։
«Մենակ աշխատատեղ է պետք, որ գյուղն առաջ գնա, եթե չլինի, գյուղը կդատարկվի։ Ով սովորել է, կգնա քաղաք, իսկ ով էլ տեսնում է գործ չկա, գնում է Ռուսաստան։ Ընտանիքի կենտրոնն էլ դարձել է սկայպը․․․», ֊ փողոցում զրուցում ենք երիտասարդ կնոջ հետ, որն ամուսնացած է, սակայն աշխատանք չունի։ Նա էլ է խոսում Ռուսաստան արտագաղթելու մասին՝ որպես կյանքը շարունակելու միակ տարբերակի։
Ի տարբերություն հարևան գյուղերի՝ Շիրակամուտն ավելի քիչ մշակելի հողատարածքներ ունի։ Տարիներ առաջ գյուղը մշակելի հողատարածքների հաշվին մեծացել է, մարդիկ շատ էին։ Եթե հարևան Կաթնաջրում կամ Մեծ Պառնիում մարդիկ գարի, ցորեն, կարտոֆիլ ցանելով յոլա գնում են, ապա նալբանդցիները դա էլ չունեն։
«Էն ժամանակ՝ հողերը բաժանելիս, ասացին՝ հողը տանք գյուղացուն, բայց գյուղացուն հողը չտվին, այլ գյուղացուն հողին տվին», – ասում է թոշակառու մի տղամարդ։
Ինչպես և մեր զրուցակիցներից շատերը, նա էլ է ընդգծում, որ այսօր հողը ձեռք չի տալիս մշակել․ «Էնպիսի հարկեր են դրել, որ ժողովուրդը հրաժարվում է հողերից, հենց էսօր էլ կարող է հողը հետ տալ»։
Գյուղապետարան․ վարկեր, նարդի
Նալբանդի գյուղապետարանի առաջին հարկում ամենատարբեր անուններով բանկերի ու վարկային կազմակերպությունների գովազդային պաստառներն են փակցված։ Դրանք առաջարկում են՝ վարկ բերրի, վարկ սպառողական, վարկ բիզնես։
«Ֆինկան», օրինակ, հորդորում է՝ «գիտակցաբար վարկավորվենք»․ «Վարակերը կարող են օգնել Ձեզ հասնել Ձեր նպատակին, սակայն չափից ավելի մեծ պարտք ունենալը մի շարք վտանգներ է պարունակում։ Կարևոր հարցեր, որոնց պատասխանները պետք է ունենաք ԳԻՏԱԿՑԱԲԱՐ ՎԱՐԿԱՎՈՐՎԵԼՈՒ համար»։
Նույնիսկ «Իրավաբանի անկյուն» մասում են վարկային հայտարարությունները։
Ներկայիս գյուղապետ Աշոտ Երանոսյանը, որը 4 ամիս է պաշտոնավարում, դրանցից տեղյակ չէ, ասում է, որ դրանք կախված են եղել իր ընտրվելուց առաջ։ Նշում է, որ նման համայնքներում շատ բան կախված է գյուղապետի աշխատանքից, նրանից, թե արդյոք համայնքի ղեկավարը կկարողանա ավագանու անդամներին ներգրավվել աշխատանքի մեջ։ Գյուղացիներն ասում են՝ գյուղապետից դեռևս վատ բան չեն տեսել։
Գյուղապետարանի առաջին հարկի սենյակներից մեկում գրեթե ամեն օր հավաքվում են գյուղի տղամարդիկ՝ նարդի, թղթախաղ և շախմատ խաղալու։ Այս սեզոնին (մենք այցելել ենք մարտի սկզբին֊խմբ․) գործ չկա։ Կանայք էլ հիմնականում տանն են լինում։
«Մի թեթև կյանք Երևանում է, վերջ, Կիրովականն ու Լեննականն էլ են մեռել։ Դրանք էլ դարձել են մեծ գյուղեր…
Մի հատ աշխատատեղ բացեք, ժողովուրդը աշխատի, ինչի՞ չեք բացում, որովհետև ձեզ ձեռ չի տալիս, եթե ժողովրդի ձեռը փող ընկնի, աշխատանք ունենա, արդեն ձեզ չեն ենթարկվի, դրանից եք՞ վախենում, դրա համար էս ձևի են վարվում», ֊ ասում է մի տղամարդ, ում հարցնում ենք՝ արդյոք կարելի է իր խոսքերը մեջբերել է։ Նա համաձայնում է, ասում է՝ վախենալու բան չունի։
Կրասնոդարի փողոց, Տամբովի թաղամաս, Անսկեսուր մայլա
Գյուղի փողոցների մի մասը կոչվում է երկրաշարժից հետո տները կառուցած շինարարների հարազատ քաղաքների անունով։ Կա Կրասնոդարի փողոց, որտեղ քարե տներ են։ Կա «Անսկեսուր մայլա», որտեղ հիմնականում հոլանդական կավիճից տնակներ են։
Ինչո՞ւ անսկեսուր մայլա։ Տեղացիները բացատրում են՝ այդ թաղամաս երկրաշարժից հետո նորաստեղծ ընտանիքներ են տեղափոխվել, ապրել են առանց ծնողների, այդպես էլ թաղամասն իր անունն է ստացել։
Երկրաշարժից հետո մի կողմից քարե տներ են սկսել կառուցել, մի կողմից էլ փայտե կամ կավիճից տնակներ են բերել որպես ժամանակավոր կացարան։ Մինչ օրս տնակներում ապրողները շատ չեն, այնուամենայնիվ, նման ընտանիքներ կան, ու այդ կացարանները նրանց գլխին դարձել են չարիք։
Տարիների ընթացքում փայտե տները փտել են և բորբոսնել։ Պետությունից օգնություն ստանալու հույս չկա։ Դիմել են, ասում են՝ դուք տուն ունենք, էլ մի՛ դիմեք։
Անսկեսուր մայլայից է Սուսաննա Պողոսյանը։ 30 տարի տնակում է ապրում։ Սկեսրայրը երկրաշարժի ժամանակ տուն է կորցրել, ժամանակավոր հոլանդական տնակ են տվել․ «Սկեսրայրիս ասացին՝ կսարքենք, կսարքենք, ու տենց էլ ոչ մի բան չհասավ։ Սկեսրայրս էլ մահացավ՝ ո՛չ գումար տվեցին, ո՛չ բնակարան հասավ»։
Սուսաննայի ամուսնուն ասել են, թե նա երկրաշարժի ժամանակ ամուսնացած չի եղել, հետևաբար տուն չի ստանա։
Մարիամն ընտանիքի հետ ապրում է Տամբովի թաղամասում։ Այնտեղ կան 7 փայտե տնակներ։ Դրանք բերել են Ռուսաստանի Տամբով քաղաքից, տեղում մի քանի օրվա ընթացքում հավաքել են։ Արդեն 25 տարի Մարիամի ընտանիքն ապրում է արդեն կիսափտած տնակում։
Մարիամը երազում է քարե տան մասին․ «Ինձ համար ահավոր դարդ ա, որ ազաբ վախտս դոմիկում եմ ապրել, ու հիմա էլ դոմիկում։ Ինձ որ ասեն, ինչ կուզես կյանքից, կասեմ երկու օր քարե տան մեջ ապրեմ, արդեն նույնիսկ մղկտում եմ։ Ասեմ, դե որ ես քարե տուն չտեսա գոնե տղես տենա։ Հավատո՞ւմ եք, երազանք է քարե տունը»։
Կինն Ավետարանական եկեղեցում մաքրության պատասխանատու է, կով է պահում, ամուսինը գյուղի էլեկտրիկն է։ Այս տարի փայտ չեն առել, քանի որ գումար չեն ունեցել․ աթար են վառել։
«Հայաստանի էս պայմաններում, ինչքան ուզում է տանջվես, կով պահես, եկեղեցի մաքրես, ազնիվ քրտինքով վաստակում ենք․․․ հնար չկա», ֊ ասում է նա։
Երանոսյան Քնարիկի ընտանիքը բազմանդամ է։ Մինչև երկրաշարժը մեծ տուն են ունեցել։ Երկրաշարժից հետո տրամադրել են ժամանակավոր կացարան, մինչև նրանց համար 3 տուն կառուցեին․ երկուսը հատկացնելու էին Քնարիկի սկեսրայրին, մեկն էլ՝ սկսերայրի մորը։ Ռուսները կառուցել են 3 տների հիմքերը։ Հետո «ժամանակը խառնվեց, իրենք գնացին, էդպես էլ մնացին»։
Սկեսրայրի մոր անունով կիսակառույցը նախկին գյուղապետերից մեկն ուրիշին է տվել։
«Գյուղապետը դա արել է անօրինական, կադաստրի աշխատողը և հողաշինարարարը տարել են բնակարաններից մեկի վկայականը՝ իբր թղթի մեջ գծում են կիսակառույցի հատակագիծը, հետո չեն վերադարձրել», – պատմում է Քնարիկի հարսը՝ Սուսաննա Ավետիսյանը։
Տարիներ առաջ «Գլենդել հիլզ» ընկերությունը շինարարություն է սկսել գյուղում։ Պետք է Երանոսյանների երկու կիսակառույցներն էլ ավարտեին։ Եկել են, կտրել կիսակառույցների կողքին գտնվող բերքատու ծառերը, բայց շինարարությունն այդպես էլ չեն սկսել․․․ «Գլենդել հիլզը» լուծարվել է, դադարեցրել շինարարությունը։
«Գլենդելը եկավ, փողերը առավ, ցրվեց, գնաց», ֊ ասում է Երանոսյանը։
Վճռաբեկ դատարան են հասել տների համար, խնդիրը չի լուծվել։ Հույսները Եվրոպական դատարանն է։
Քնարիկը որդիների հարսի ու թոռների հետ ապրում է կիսակառույցների մոտ գտնվող տնակում։ Այն անմխիթար վիճակում է՝ կիսամութ, պատերը բորբոսնած, սենյակները շորի կտորներով բաժանված։
Վերջերս վարկով լվացքի մեքենա են վերցրել․ Սուսաննայի որդուն Ավետարանական եկեղեցու հետևորդ Ավստրալիայի մի հայ ընտանիք հովանավորում է, 3 ամիսը մեկ գումար է ուղարկում՝ 70 դոլար։ Դրանով էլ վարկը փակում են։
Գյուղում կան Ավետարանական և Առաքելական եկեղեցիներ, նաև աթեիստներ
Երկրաշարժից հետո ռուսները Նալբանդում մշակույթի ակումբ են կառուցել։ Գյուղի երիտասարդները հիշում են՝ գնում, կինո էին նայում, իրար հետ շփվում էին։ 1989-ին շենքը գնել է Հայ ավետարանական եկեղեցին։
Գյուղի սոցիալապես անապահով ընտանիքների մեծ մասը օգտվում է Ավետարանչական ընկերակցության ծրագրերից։
«Գյուղատնտեսական ծրագրեր ենք անում, 60 ընտանիքի կով ենք տվել, 40 ընտանիքի կարտոֆիլ ենք տվել, 27 երեխաներ կան, որոնց հովանավորում ենք։ Ուսանողներին օգնում ենք վճարների հարցում։ 3 ուսանողների վճարներ մասամբ տվել ենք։ Գործում են կավագործության և գոբելենագործության խմբակներ», – պատմում է Եկեղեցու հովիվ Վարդան Ափինյանը։
Եկեղեցում գործում է կանանց խմբակ․ պարբերաբար հավաքվում են, զրուցում, սուրճ խմում, քննարկում գրքեր։ Դրանցից մեկը, օրինակ, կոչվում է՝ «Գեղեցիկն Աստծու աչքերում»։
Գյուղի հյուսիսում Չիչխանավանքն է։ Պեղումների ժամանակ գտել են 7-րդ դարի վանքի հիմքերը, հետագայում վանքը վերակառուցվել է։ Վանք են այցելում Առաքելական եկեղեցու հետևորդները, վերջին տարիներին՝ ամռան ամիսներին, զբոսաշրջիկների հոսք կա։
Նալբանդցի Գառնիկը 85 տարեկան է, ԽՍՀՄ ժամանակ աքսորվել է Սիբիր, հետ եկել, աշխատել է մեխանիզատոր, երկրաշարժի ժամանակ կորցրել է տունը։ Այժմ բնակվում է ռուսների բերած հավաքովի տնակում։ Չի սիրում խոսել հոգևորականների և եկեղեցու մասին․ «Տո՛ եկեղեցին էլ է սուտ, տերտերներն էլ են սուտ, կտակարաններն էլ են սուտ։ Ինչքան քար ու փետ կա, ինչքան գումար կա եկեղեցի կշինին․․․ Քանի՞ եկեղեցի շինին էս գեշ մոմենտին․․․ Կաթողիկոսն ինչքան հողամաս է զանիթ էրե․․ Ինձի սոված թողնե ու թե աստված կա․․․»։
Նալբանդում միայն տղամարդիկ են
Ասում են՝ գրեթե բոլոր նալբանդցիների տանը կա նախկին գյուղապետ Ալբերտ Պապոյանի «Նալբանդ» գիրքը։ Ինչպես վկայում է գրքի առաջաբանը, այն «գյուղում ապրող գերդաստանների ու մարդկանց մասին է»։
Գրքում, սակայն, կանայք գրեթե ներկայացված չեն։ Օրինակ՝ Գառնիկ պապի մասին գրված է․ ունի 2 տղա, սակայն պարզվում է նա ունի նաև երկու դուստր, որոնց գոյության մասին գրքում հիշատակված չէ։ Նույնը մյուս ընտանիքների դեպքում։
Այնուամենայնիվ, գրքում գտանք կանանց անուններ։ Նրանք երբեմն հիշատակվում են, եթե դպրոցը ոսկե մեդալով են ավարտել կամ բարձրագույն կրթություն ստացել։ Գրքի հեղինակը նշում է նաև երկրաշարժի ժամանակ զոհված կանանց անունները։