Գյումրու պետական համալսարանի (ՇՊՀ) ՀՀԿ-ական ռեկտոր Սահակ Մինասյանի հրամանով մարտի 15֊ին աշխատանքից առանց զգուշացման ազատված դասախոսներ Հովհաննես Խորիկյանին և Գագիկ Համբարյանին աջակցելու և արդարությունը վերականգնելու նպատակով ավելի քան 50 ուսանող հայտարարել է անժամկետ դասադուլ և բաց֊նամակով դիմել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին։
«Դասադուլն ինքնաբուխ է։ Իհարկե ռեկտորը պնդում է, թե մենք՝ Գագիկ Համբարյանն ու ես, ուղղորդում ենք նրանց, նույնիսկ ասել է, թե իբր ուսանողներին կաշառում ենք, որպեսզի դասադուլ լինի։ 50֊ից ավելի ստորագրությամբ նրանք իրենց ցանկությամբ դիմել են երկրի նախագահին՝ ռեկտորի անօրինական որոշումը չեղյալ հայտարարելու պահանջով»,֊ Epress.am֊ին ասել է Հովհաննես Խորիկյանը։
Սերժ Սարգսյանին ուղղված նամակում ուսանողները, մասնավորապես, պահանջում են՝ բեկանել ռեկտորի մարտի 15-ի որոշումը և անհապաղ աշխատանքի վերադարձնել Խորիկյանին ու Համբարյանին, աԱպահովել մարտի 24-ին կայանալիք գիտխորհրդի և հոգաբարձուների խորհրդի համատեղ ընդլայնված նիստի թափանցիկությունը, այն կազմակերպել լրագրողների, բողոքին մասնակցող ուսանողների հատուկ խմբի և Խորիկյանի ու Համբարյանի ներկայությամբ։
Ուսանողները նաև պահանջում են ապահովել բուհի ֆինանսական վիճակի թափանցիկությունը և համալսարանի պաշտոնական կայքում զետեղել բուհի 2016 թվականի փոփոխված և 2017 թվականի նախահաշիվները, նույն թվականների ֆինանսական հաշվետվությունները, 2018 թվականի բյուջեի նախահաշիվները։
Հարցին, թե Խորիկյանն ու Համբարյանն արդյոք դիմելու են դատարան՝ աշխատանքը վերականգնելու պահանջով, Խորիկյանն ընդգծել է․ «Այս չորեքշաբթի կամ հինգշաբթի դիմելու ենք, այս պահին հիմքերն ենք պատրաստում։ Դիմելու ենք նաև դատախազություն, քանի որ ռեկտորի գործողությունների մեջ հանցակազմ ենք տեսնում»։