Երեկ ուշ երեկոյան «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող դատապարտյալ Արկադի Պապյանը դադարեցրել է 39 օր տևած հացադուլը։ Epress.am-ի հետ զրույցում նրա պաշտպան Ամրամ Մակինյանը պատմել է, որ Պապյանին այցելել են Դատախազության ներկայացուցիչները, զրուցել նրա հետ և խոստացել են, որ ապահովելու են նրա գործով արդար քննությունը։
Հացադուլը դադարեցնելու հիմնական պատճառը, սակայն, դա չէ։
«Հասկացանք, որ նրա կյանքին իրական վտանգ է սպառնում և դրա համար է նա դադարեցրել հացադուլը։ Նա այժմ ծանր և հյուծված վիճակում է», – ասել է Մակինյանն՝ ընդգծելով, որ իր պաշտպանյալն, այնուամենայնիվ, շարունակելու է պայքարը։
Սպանության մեղադրանքով 2012֊ին 9 տարվա ազատազրկման դատապարտված Պապյանի դեմ այս տարի նոր մեղադրանք է առաջադրվել։ Ըստ դրա՝ նա մի քանի ամիս շարունակ «Վանաձոր» ՔԿՀ պետ Գևորգ Մկրտչյանին կաշառք է տվել և դրա դիմաց նրան արտոնություններ են տրվել: Գործը գտնվում է դատարանում (նոր գործով պայմանավորված Պապյանին «Վանաձոր» ՔԿՀ-ից տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ֊խմբ․)։
Հացադուլով Պապյանն իր բողոքն է արտահայտում վարույթ իրականացնող մարմնի և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի դեմ։ Նա պնդում է, որ առաջադրված մեղադրանքը քրեական գործով ձեռք բերված ապացույցներով հիմնավորված չէ: