հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Կանանց իրավունքներ / Վրացի իրավապաշտպանին մեղադրում են սեռական ոտնձգությունների մեջ

Վրացի իրավապաշտպանին մեղադրում են սեռական ոտնձգությունների մեջ

Վրաստանում շարունակում են քննարկել հայտնի իրավապաշտպան Զվիադ Դևդարիանի դեմ վերջերս հնչեցված աղմկահարույց մեղադրանքները։

«Քաղաքացիական հասարակության զարգացման գործակալություն» հ/կ֊ի ղեկավարի կողմից սեռական ոտնձգությունների վերաբերյալ հայտարարությունը տարածել է «Կանանց շարժում» պլատֆորմը․ մինչ օրս Դևդարիանիի կողմից ոտնձգությունների մասին խոսել են տասը կանայք, որոնք, սակայն, դեռևս նախընտրում են անանուն մնալ։

«Էխո Կավկազա» լրատվական գործակալությունը գրում է, որ Վրաստանում սա սեռական ոնտձգությունների վերաբերյալ առաջին խոշոր սկանդալն է։ Պատմությունը լայն արձագանքի է արժանացել հատկապես այն պատճառով, որ Դևդարիանին, լինելով իրավապաշտպան, սովորաբար հանդես է գալիս նաև ի պաշտպանություն կանանց իրավունքների։

Մարտի 16֊ին Վրաստանի Մարդու իրավունքների օմբուդսմեն Նինո Լոմջարիան Դևդարիանիի թեկնածությունն էր առաջադրել Վրաստանի հանրային հեռարձակողի հոգաբարձուների խորհրդի անդամի պաշտոնում․ հաջորդ օրը «Կանանց շարժումը» հայտարարություն տարածեց, որում Օմբուդսմենին հորդորում էր հանել Դևդարիանիի թեկնածությունն ու ուսումնասիրել մի շարք կանանց՝ իրավապաշտպանի դեմ հնչեցված սեռական ոտնձգության մեղադրանքները։

Կանայք պատմում են իրավապաշտպնի կողմից անցանկալի ֆիզիկական շփման, սեռական հարաբերության դիմաց առաջարկված աշխատանքի ու այլ ոտնձգությունների մասին։ Կանայք իրենց անունները չեն նշում, բայց նրանց հետ արդեն խոսել են թե՛ Օմբուդսմենը, թե՛ մի քանի լրատվական կայքերի լրագրողներ։

«Լիբերալի»֊ի հետ զրույցում կանանցից մեկը պատմել է, որ 21 տարեկան էր, երբ եկել էր Դևդարիանիի մոտ հարցազրույցի․ «Նա ասաց, որ աշխատանքի կվերցներ ինձ, եթե մեր միջև սեռական հարաբերություններ լինեին։ Ոչ ուղիղ տեքստով, բայց դա ենթադրվում էր։ Ամեն անգամ երբ սկսում էինք խոսել գործից, նա կրկին վերադառնում էր այդ թեմային։ Հետո փակեց սենյակի դուռը։ Հարցազրույցը երկու ժամ տևեց։ Այդ ընթացքում փորձում էր սեռական կոնտակտ սկսել։ Խնդրում էր համբուրել իրեն, և այլն։ Ես ասացի, որ համաձայն եմ աշխատանքի անցնել հաջորդ օրը, ու միայն այդ ժամանակ թույլ տվեց, որ գնամ»։

Մարտի 17֊ին Զվիադ Դևդարիանին հանեց իր թեկնածությունը, սակայն մեղադրանքները շարունակում է հերքել։ Դևդարիանիի ղեկավարած գործակալության վարչության անդամ Կախա Մագրաձեն այսօր հերթական անգամ մեկնաբանել է մեղադրանքների շուրջ բարձրացած աղմուկը՝ հայտարարելով, որ ներողություն է խնդրում իր գործընկերոջը նախկինում պաշտպանելու համար։ «Կարծում էի, որ ճիշտ եմ վարվում, բայց երեկ, հավանաբար՝ վերջինը, իմացա ճշմարտությունը, որը, ի դեպ, անձամբ ինձ էլ էր վերաբերվում․․․ Հետևաբար, ներողություն եմ խնդրում բոլոր նրանցից, ում Դևդարիանիին երբևէ ներկայացրել եմ որպես լավ մարդու ու լավ ընկերոջ։ Ներողություն եմ խնդրում լրագրողներից ու մարդկանցից, ում վերջին օրերին փորձում է ապացուցել, թե Դևդարիանին կնամոլ է, բայց ոչ՝ բռնարար»։ Մագրաձեն հավելել է, որ գործակալությունում շուտով վարչության նիստ է տեղի ունենալու, «որից հետո ամեն ինչ իր տեղը կընկնի»։

Ոտնձգությունների հնարավոր փաստերը խոստացել է նաև ուսումնասիրել նար Ազգային պաշտպան Նինո Լոմջարիան։

Նշենք, որ Վրաստանի օրենսդրությունում «սեռական ոտնձգություն» հասկացություն ներկայումս գոյություն չունի։ Տվյալ եզրույթը չի հանդիպում որևէ օրենքում, ու հետևաբար, նման գործողությունների համար որևէ պատիժ չի նախատեսվում, ասում է Երիտասարդ իրավաբանների ասսոցիացիայի ներկայացուցիչ Թամար Դեկանոսիձեն։ «Կա միայն մի ելք․ Ազգային պաշտպանը տիրապետում է հակադիսկրիմինացիոն մեխանիզմի, որը սեռական ոտնձգությունը որակում է որպես խտրականության դրսևորում։ Հետևաբար, անձը կարող է դիմել օմբուդսմենին, բայց նրա մեխանիզմը մարդու իրավունքների տեսանկյունից արդյունավետ չէ։ Ինչո՞ւ։ Քանի որ նա կարող է միայն առաջարկություններով հանդես գալ, բայց չի կարող պատիժ սահմանել հանցագործի նկատմամբ»։

Միևնույն ժամանակ, սեռական ոտնձգությունները պետք է պատժվեն կամ քրեական, կամ վարչական օրենսգրքով՝ ըստ կանանց և ընտանեկան բռնության դեմ Ստամբուլի կոնվենցիայի պահանջներից մեկի, հավելում է Դեկանոսիձեն։ Վրաստանը տվյալ կոնվենցիան վավերացրել է անցած տարի։

Զվիադ Դևդարիանիի դեմ հնչեցված մեղադրանքների շուրջ հանգամանքների պարզաբանմամբ ներկայումս զբաղվում են Օմբուդսմենն ու Երիտասարդ իրավաբանների ասսոցիացիան։ Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը դեռևս միանշանակ պատասխան չի տալիս, և պարզ չէ՝ արդյոք վարչությունը մտադիր է որևէ կերպ ուսումնասիրել իրավիճակը, գրում է «Էխո Կավկազա»֊ն։