«Նոր Հայաստան» և «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնությունների առաջնորդ, ղարաբաղյան պատերազմի մասնակից Ժիրայր Սեֆիլյանի դեմ ցուցմունքներ տված Սմբատ Գլոյանը և Հովհաննես Պետրոսյանը ԱԱԾ գործակալներ են և ՀՀ Օպերատիվ հետախուզական միջոցառումների մասին օրենքով՝ մեծ գումարներ են վաստակել իրենց սուտ ցուցմունքների շնորհիվ։ Օրենքի մասին այսօր լրագրողների հետ խոսել է Սեֆիլյանի պաշտպաններից Տիգրան Հայրապետյանը՝ նշելով, որ, փաստորեն, գործակալները լավ գործարք են կնքել։ Նշենք, որ Հովհաննես Պետրոսյանը անցնում էր Սեֆիլյանի գործով որպես մեղադրյալ, նա դատապարտվել է 2 տարվա ազատազրկման և նրա նկատմամբ կիրառվել է 64-րդ հոդվածը (Օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելը):
«Օրենքում կա կետ, որ եթե գործակալը հիվանդանում է կամ ծանր պայմաններում է հայտնվում, 5 տարի նրա աշխատավարձը փոխանցվում է նրա ընտանիքին։ Եթե օրինակ գործակալը հայտնվում է բանտում, օրենքի էս կետը կարա աշխատի և գործակալը, օրինակ, Հովհաննես Պետրոսյանը, 2 տարի բանտում անցկացնելով, 10 միլիոն դրամ է ստանում։ Հիմա ասեք՝ արդյո՞ք շահավետ չի գործակալ աշխատելը մեր մոտ։ Որ ասում են՝ ոնց կարա անձը մեկ այլ անձի դեմ ցուցմունք տա, այ սրա համար։ Օպերատիվ հետախուզական միջոցառումների մասին օրենքը բացեք և կարդացեք»,- ասել է Հայրապետյանը։
«Սեֆիլյանի մեղադրանքի հիմքում դրել են օպերատիվ հետաքննական միջոցառումների օրենքի շրջանակներում 2 գործակալների ներդրումն ու էդ գործակալների ցուցմունքներով փորձում էին մեղադրանքը հիմնավորել։
Ընդհանրապես ԱԱԾ աշխատակիցը, երբ ներդրվում է ինչ֊որ հանցագործություն կատարելու, հետո հայտարարում է, որ ինքը գործակալ էր։ Այս դեպքում՝ ինչու չեն բացահայտվել գործակալները, որովհետև իրենց ցուցմունքից բացի, այլ ցուցմունք չկար Սեֆիլյանի դեմ։ Դրա համար այդ գործակալներին չեն բացահայտում։ Եթե քննչական մարմինները հետաքրքրվեն ֆինանսական մասով, կհայտնաբերեն, որ բյուջեից մեծ գումարներ է գնացել Սմբատ Գալոյանին և Հովհաննես Պետրոսյանի ընտանիքներին»,֊ ասել է Հայրապետյանը։