Home / Բանակ / Զինվորի սպանության գործով վկաները խնդրահարույց ցուցմունքներ են տալիս․ փաստաբան

Զինվորի սպանության գործով վկաները խնդրահարույց ցուցմունքներ են տալիս․ փաստաբան

Լեռնային Ղարաբաղի դիրքերից մեկում 2017 թվականի հունվարի 16-ին մահացած զինծառայող Գուրգեն Սարգսյանի գործով անցնող վկա զինծառայողները դատական նիստերին նախաքննական ցուցմունքներին հակասող ցուցմունքներ են տալիս։ Զինծառայողները նշում են, որ դեպքի մասին իրենք տեղեկացել են գործով միակ մեղադրյալ Գարեն Հովհաննիսյանից, և կրկնում են վերջինիս պատմածը։ Զինվորի սպանության գործի դատավարության մասին Epress.am-ի հետ զրույցում պատմել է տուժողի իրավահաջորդի շահերի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը։

Համաձայն քրեական գործի նյութերի՝ դեպքի օրը (գիշեր է եղել) շարքային Գարեն Հովհաննիսյանը և լեյտենանտ Աշոտ Պողոսյանը մեկ այլ մարտական դիրքից վերադարձել են իրենց դիրք։ Այնտեղ լեյտենանտն իրեն ամրակցված ինքնաձիգը փոխանցել է հերթափոխում գտնվող ժամկետային զինծառայող Վլադիմիր Սարգսյանին և կարգադրել ինքնաձիգի ստուգիչ լիցքաթափում կատարել, որից հետո գնացել է զուգարան։ Գարեն Հովհաննիսյանը Սարգսյանից վերցրել է ինքնաձիգը և գնացել գետնատնակ՝ ինքնաձիգի լիցքաթափումը կատարելու։ Գետնատնակում առանց պահեստատուփը հանելու նա քաշել է փակաղակը և ստուգիչ կրակոց արձակել, որի հետևանքով իրենից մոտ 1,5 մետր հեռավորության վրա կանգնած Սարգսյանին գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել։ Տուժածը տեղափոխվել է նախ Ստեփանակերտի զինհոսպիտալ, ապա Երևան և այնտեղ էլ 1.5 ամիս անց՝ մարտի 1-ին, մահացել է։ Գարեն Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով՝ զենքի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։

Փաստաբանի խոսքով՝ վկաների և մեղադրյալի ցուցմունքներում հակասություներ կան։ Նախ լուրջ խնդիր է, թե ում է զենքը տվել լեյտենանտը։ Գարեն Հովհաննիսյանը դեպքի վայրի զննության ժամանակ նշել է, որ զենքը անմիջապես իրեն են փոխանցել։ Սակայն մեղադրական եզրակացության մեջ նշված է, որ զենքը նախապես փոխանցվել է Վլադիմիր Սարգսյանին, ապա ինքնաձիգը նրանից վերցրել է Գարեն Հովհաննիսյանը։

Պաշտպանական կողմը պահանջել էր քրեական գործ հարուցել լեյտենանտ Աշոտ Պողոսյանի դեմ, որը մինչ օրս շարունակում է պաշտոնավարել։

«Անօրինական է, որ լեյտենանտն իրեն ամրակցված զենքն ինքը չի լիցքաթափել, այլ իր ենթակային է փոխանցել․․․ Իրենք նյութեր նախապատրաստեցին, ձևական առումով մերժեցին քրեական գործի հարուցումը, դա բողոքարկել ենք և հիմա դա քննվում է», ֊ ասել է Լիպարիտ Սիմոնյանը։

Փաստաբանի բնորոշմամբ՝ գործը պատշաճ չի քննվել, բայց ուղարկվել է դատարան։

«Դատաքննության ընթացքում մենք հարցաքննում ենք վկաներին, և վկանների ցուցմունքներից ինձ մոտ այն տպավորությունն է, որ գործով ինչ-որ բաներ թաքցվում է», -ասել է փաստաբանը։

Մասնավորապես, դեպքի օրը գետնատնակում եղել են ևս 4 ժամկետային զինծառայողներ, որոնց վկայությունների համաձայն, դեպքի պահին իրենք քնած են եղել, կրակոցի ձայն չեն լսել և ոչինչ չեն տեսել․ «Բացի դրանից, զինվորներից մեկը ցուցմունք է տալիս, որ իրեն արթնացրել է սպան, այն դեպքում երբ սպան ասել է, որ ինքը դեպքի ժամանակ գտնվել է զուգարանում»։

Սիմոնյանը խնդրահարույց է համարում նաև այն, որ բոլորի ցուցմունքում՝ «քնած, թե արթուն», կան նույն ձևակերպումները․ «Մեղադրյալը բոլորին պատմում է հատիկ-հատիկ, թե ոնց է դեպքը տեղի ունեցել։ Բոլորի համար ստեղծվել է մի աղբյուր, որ շատ տեղեկություն դուրս չգա։ Եվ այդ աղբյուրը մեղադրյալն է»։

Ավելի վաղը մեզ հետ զրույցում, Սիմոնյանը մատնանշել էր մի շարք այլ խնդիրներ, որոնք կասկածի տակ են դնում նախաքննության օբյեկտիվությունը։

Մասնավորապես, տրված չէ այն հարցի պատասխանը՝ ինչու Հովհաննիսյանը դրսում չէր իրականացրել զենքի լիցքաթափումը, գետնատնակում եղած 4 զինծառայողներն ինչպես կարող էին ոչինչ չլսել, երբ ավելի հեռու գտնվողներից մեկը լսել է կրակոցի ձայնը։ Բացի դա, չի հայտնաբերվել գնդակը, որից վիրավորվել է Գուրգեն Սարգսյանը։