Տավուշի դատախազությունը պահանջում է 88-ամյա, երկրորդ կարգի հաշմանդամ Սահակ Խաչատրյանին դատապարտել Լոռու մարզի Ծաղկավան համայնքի ղեկավար Արթուր Ղազարյանի նկատմամբ մահափորձ կատարելու մեջ։ Դատախազությունն ընդունում է, որ նախաքննությունով չի հայտնաբերվել որևէ դրդապատճառ, որով Խաչատրյանը կարող էր ցանկանալ դիտավորյալ կյանքից զրկել գյուղապետին։
«Այո, տուժողի հետ ամբաստանյալը նախկինում որևէ վեճ չի ունեցել։ Եթե նույնիսկ դրդապատճառ հայտնաբերված չէ, չի նշանակում, ոչ չի եղել», – Վերաքննիչ դատարանում հայտարարել է դատախազության ներկայացուցիչը, ով չի ցանկացել Epress.am-ին ներկայանալ։
Ըստ նախաքննության՝ Խաչատրյանը գյուղապետի Պրադո մակնիշի ավտոմեքենայի առջևի ձախ կողմի դռան բռնակի վրա դրսից լցրել է ցինկի ֆոսֆիդ։ «Ցինկի ֆոսֆիդը առաջցնում է շնչուղիների, ներքին օրգանների ախտահարում, կարող է հարուցել ընդհուպ մինչև մահ։ Խաչատրյանը գիտելիքների չի տիրապետում, որպեսզի իմանար՝ ինչքան ցինկի ֆոսֆիդն է մահացու, հետևաբար նա ունեցել է սպանելու նպատակ», – ասել է դատախազը։
Դատարանը կասկած է հայտնել նախ առաջադրված մեղադրանքի մասով։
«Ինչո՞վ եք բացատրում, որ հենց մահ է ցանկացել», – հարցրել է դատավոր Ռուբիկ Մխիթարյանը։
«Էդ կիլոներով պետք է ուտել, որ մահ առաջացնի․․», – ասել է դատավոր Սերգեյ Չիչոյանը։
«Եթե ամբաստանյալը լռում է, տուժողը լռում է, ի՞նչի պետք է հանգի մեղադրական կողմը», – արդարացել է դատախազը։
«Եթե լռում է, դա նշանակում է՝ լռելը իր դեմ պետք է մեկնաբանե՞ք։ Մեղադրական կողմը պետք է հանգի բավարար ապացույցների պայմաններում», – պատախանել է դատավոր Մխիթարյանը։
Տավուշի մարզի Բերդի շրջանի ընդհանուր իրավասության դատարանը 2018 թվականի հունվարի 31-ին արդարացրել էր Սահակ Խաչատրյանին՝ նրա արարքում հանցակազմի բացակայության պատճառով: Դատախազությունը պահանջում է վերաքննիչին բեկանել այդ վճիռը։
Իր վերջին խոսքում կիսախուլ և մեկ աչքից կույր Սահակ Խաչատրյանն ասել է, որ գյուղապետի մեքենայի վրա մկնդեղ չի լցրել։ «Սովետի քանդվելուց ի վեր, մկնդեղը գյուղապետարանն է ստանում։ Գյուղապետն ինձ առաջարկել է, ես ասել եմ՝ ինձ պետք չի, ես մենակ եմ ապրում, չեմ զբաղվում գյուղատնտեսությամբ։ Հինգ անգամ էդ գյուղապետին եմ ընտրել, ինչու պետք է ուզենայի սպանել նրան։ Կյանքում առաջին անգամ եմ դատարանում հայտնվում», – ասել է Խաչատրյանը։
Վերաքննիչ դատարանն արդարացման դատավճիռը թողել է անփոփոխ։