«Արմավիր» ՔԿՀ-ից բողոքող դատապարտյալ Ա. Մ.-ի գործի քննությունն Արդարադատության նախարարությունը հանձնարարել է նույն քրեակատարողական հիմնարկին։ Այս մասին գրել է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։
«Արմավիր» ՔԿՀ֊ի դատապարտյալ Ա. Մ.-ն ահազանգել է, որ նույն մասնաշենքում գտնվող երկու այլ դատապարտյալների հետ լարված հարաբերությունների մեջ է, որի պատճառով իր կյանքին վտանգ է սպառնում:
2018 թ. փետրվարի 14-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ահազանգի հետքերով դատապարտյալի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու հարցով դիմել է ՀՀ արդադատության նախարար Դավիթ Հարությունյանին։ Նախարարությունը ՔԿՀ-ում առկա խնդիրների մասին դիմումը վերահասցեագրել է Քրեակատարողական վարչություն, որն էլ դիմումն ուղարկել է «Արմավիր» ՔԿՀ:
2018 թ. փետրվարի 20-ին «Արմավիր» ՔԿՀ աշխատակիցը Ա. Մ.-ից գրավոր բացատրագիր է վերցրել, որում նշված է, թե ահազանգը կատարվել է «հոգեկան ընկճված վիճակում և [Ա․Մ․֊ն] ցանկացել է դրանով ուշադրություն գրավել»: Ա․Մ․֊ն բացատրագրում նշել է նաև, որ իր անվտանգությունը լիովին ապահովված է ՔԿՀ ծառայողների կողմից:
ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության պետի առաջին տեղակալ Արսեն Աֆրիկյանն, իր հերթին, դատապարտյալի բացատրագիրը հիմք է ընդունել և իր 2018 թ. փետրվարի 22-ի պատասխանում պնդել, թե Ա. Մ.-ն այլ դատապարտյալների հետ խնդիրներ չունի և որ նրա անվտանգությունն ապահովված է ՔԿՀ-ում:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակն ընդգծում է, որ ակնհայտ է, որ վերոնշյալ բացատրագրում դատապարտյալը պետք է գրեր, թե ՔԿՀ-ում իր անվտանգությունն ապահովված է ՔԿՀ ծառայողների կողմից, քանի որ բացատրագիրը գրելիս գտնվել է հենց նույն ծառայողների հսկողության ներքո: Նա չէր կարող օբյեկտիվորեն ներկայացնել իրավիճակը: