Ապրիլի 4-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում նորածնի մահվան դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ քննություն է տարվում, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով (Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ)։
2018թ. ապրիլի 3-ին քաղաքացին հաղորդում էր տվել այն մասին, որ իր քույրն ապրիլի 1-ին Աբովյան քաղաքի ծննդատանը ծննդաբերել է կեսարյան հատումով՝ հղիության 7-րդ ամսում, ունեցել արական սեռի երեխա, որը ծնվել է ճիչ արձակելով։ Ապա ծննդկանը երեխայի հետ տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք։ Ըստ քաղաքացու՝ բժիշկները հավաստիացրել են, որ նորածնի կյանքին վտանգ չի սպառնում, սակայն ապրիլի 4-ին հայտնել են, որ մահացել է, ինչը, նրա կարծիքով, բուժաշխատողների կողմից համապատասխան բուժօգնություն չցուցաբերելու հետևանք է:
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը News.am֊ի հետ զրույցում նշել է, որ կինը ծանր ծննդաբերություն է ունեցել, ընկերքի շերտազատումով․ «Բժիշկներին հաջողվել է փրկել մոր կյանքը, իսկ երեխային ծնվելուց հետո վերակենդանացրել են, ապա տեղափոխել են մեզ մոտ: Երեխան եղել է ծանր վիճակում, անհաս, թոքային լուրջ խնդիրներով, այնուհետև զարգացել են այլ հիվանդություններ եւ ցավոք սրտի, փոքրիկը մահացել է»,- ասել է հիվանդանոցի տնօրենը: