Home / Շուկա / 12 միլիարդի կորուստ մեկ օրում․ ինչպես են գործում ՌԴ֊ի դեմ ամերիկյան պատժամիջոցները

12 միլիարդի կորուստ մեկ օրում․ ինչպես են գործում ՌԴ֊ի դեմ ամերիկյան պատժամիջոցները

Նախորդ շաբաթ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից ռուսաստանյան ընկերությունների և օլիգարխների դեմ հայտարարված նոր պատժամիջոցները ծայրահեղ ծանր վիճակ են ստեղծել վերջիններիս համար։ Երեկ՝ ապրիլի 9-ին, ռուսաստանյան տասնյակ ընկերությունների արժեթղթեր արժեզրկվել են, մի շարք օլիգարխներ հարյուր միլիոնավոր դոլար են կորցրել։ Ապրիլի 9 Ռուսաստանում արդեն իսկ «սև երկուշաբթի» են անվանում։

Ամենից շատը տուժել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր օլիգարխ Օլեգ Դերիպասկան և նրա «Ռուսալ» ընկերությունը։ Մեկ օրվա ընթացքում նա կորցրել է իր կարողության մեկ երրորդը․ Forbes հանդեսի գնահատականներով՝ Դերիպասկան մինչև երկուշաբթի ուներ 6.7 միլիարդ, մինչդեռ պատժամիջոցներից հետո՝ 4 միլիարդ։ «Ռուսալին» Հայաստանում պատկանում է «Արմենալ» ընկերությունը, որը Հարավային Կովկասում ալյումինե փայլաթիթեղի միակ արտադրողն է։

1.3 միլիարդ կորցրել է «Նորիլսկի նիկել» ընկերության սեփականատեր Վլադիմիր Պոտանինը։ Ընդհանուր առմամբ, Forbes-ի տվյալներով Պուտինի մերձավոր օլիգարխները մեկ օրվա ընթացքում կորցրել են մոտ 12 միլիարդ դոլար։

Ռուսաստանի խոշորագույն բանկերից մեկի՝ «Սբերբանկի» արժեթղթերը նվազել են 15 տոկոսով։

1 եվրոն երեկվա դրությամբ 70 ռուբլուց դարձել է 74, 1 դոլարն անցել է 60 ռուբլու սահմանագիծը։

Ռուսաստանի արտգործնախարարությունը խոստանում է համարժեք պատասխան տալ ամերիկյան պատժամիջոցներին, սակայն, վերլուծաբանների կարծիքով, ՌԴ֊ն տնտեսական պատժամիջոցներ կիրառելու մեծ ներուժ չունի։