Մոտ 60 ուսանողներ և տաքսու վարորդներ արգելափակել են Վանաձորի կենտրոնում գտնվող Հայքի հրապարակը, որտեղ գտնվում են քաղաքապետարանի և Լոռու մարզպետարանի շենքերը։ Նրանք աջակցում են Երևանում անցկացվող Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ակցիաներին։ Երթևեկությունն այդ տարածքում կաթվածահար է եղել։ Այս մասին մեզ հետ զրույցում ասել է իրավապաշտպան Էդգար Խաչատրյանը։
«Հիմնականում Թատերական համալսարանի ուսանողներն ինքնաբուխ կերպով հավաքվեցին, հետո գնացին այլ կրթօջախների մոտ, մարդ հավաքելով քայլեցին, և հիմա փակել են Հայքի հրապարակը», -Խաչատրյանը նշել է, որ տարածքում կան քաղաքացիական հագուստով ոստիկաններ։
Հայքի հրապարակ է ժամանել է նաև Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը․ «Ոչ մի բան չի ասել, չի էլ մոտեցել։ Ցուցարարներն ասում են՝ ողջու՜յն, պարո՛ն քաղաքապետ»։
Մարդիկ փողոց են դուրս եկել նաև Գյումրիում՝ արգելափակելով մի շարք կենտրոնական փողոցներ։