Home / Հայաստան / Թռուցիկները ուղղված են նաև ոստիկաններին

Թռուցիկները ուղղված են նաև ոստիկաններին

Փողոցներում և համացանցում թռուցիկներ են տարածվում հետևյալ բովանդակությամբ․

Տեղեկացնում ենք, որ վերջին օրերին մեր հասարակությունը հզոր պայքար է ծավալվել Սերժ Սարգսյանի ապօրինի իշխանության դեմ։ Ժողովուրդն արդեն իսկապես հոգնել է անարդար մթնոլորտից, համատարած թալանից։ Մեր նպատակն է Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելը եւ այնպիսի իշխանության հաստատումը, ինչպիսին որ ժողովուրդը կուզի տեսնել։

Մեր պայքարի հաջողությունը կախված է յուրաքանչյուրիցս, և ամեն մեկս կարող է իր լուման ներդնել Հայաստանում արդարություն հաստատելու գործում։ Հարկ է պարզապես

1. Համատարած գործադուլ եւ դասադուլ անել՝ անկախ հիմնարկի կամ ուսումնական հաստատության տեսակից

2. Դուրս գալ փողոց եւ միանալ տասնյակ հազարավոր մարդկանց, որոնք արգելափակում են ճանապարհներն ու կամուրջները

3. Երեկոյան մասնակցել հանարհավաքներին, որոնք տեղի են ունենում Հանրապետության կամ Ֆրանսիայի հրապարակներում։

4. Բանկերից ժամանակավոր հանել Ձեր գումար, եթե իհարկե ունեք, եւ պարզապես կանխիկով պահել տանը կամ գրպանում։

5. Ինքնուրույն մտածել խաղաղ պայքարի միջոցներ եւ կիրառել դրանք։

Բոլորս էլ քաջ գիտակցում ենք, որ վերը նշված գործողությունները կարող են ժամանակավոր անհարմարություն եւ տհաճություն պատճառել, բայց ավելի լավ է մի քանի օր դիմանալ և պայքարել, քան ևս հինգ տարի կրել Սերժ Սարգսյանի ապօրինի իշխանության ծանր բեռը։ Այժմ Երեւանում եւ Հայաստանի մի շարք այլ քաղաքներում համերաշխության և համախմբվածության մթնոլորտ է տիրում ցուցարաների շրջանում, եւ դո՛ւ էլ կարող ես միանալ մեզ. սիրով սպասում ենք։

Բազմացրո՛ւ այս թռուցիկը և փոխանցի՛ր քո ընկերներին, ծանոթներին եւ անծանոթներին։

***

Հարգելի ոստիկան, Մեր պայքարն ուղղված է միայն Սերժ Սարգսյանի և նրա ապօրինի իշխանության դեմ եւ ոչ մի խնդիր չունի Ձեր կամ Ձեր կառույցի հետ։ Մենք հասկանում ենք, որ մեր խնդրանքը ծանր է, բայց, այդուամենայնիվ, խնդրում ենք չկատարել ցուցարարների դեմ ուղղված ապօրինի հրամանները և ոչ մի տեսակի բռնության կամ սադրանքի չգնալ։

Դա կօգնի մեղմել Ձեր եւ Ձեր կառույցի նկատմամբ կուտակված անվստահությունն ու ատելությունը, ինչը հետագայում կդառնա Ձեր իսկ անվտանգության երաշխիքը։

Մենք հասկանում ենք, որ հարաման չկատարելը կարող է խնդիրներ առաջ բերել Ձեր հետագա կարիերայի համար, բայց հարկ է հաշվի առնել, որ Դուք ինքներդ Սերժ Սարգսյանի իշխանության զոհն եք, որովհետեւ նրանք ձեզ ստիպում են աշխատել ցածր աշխատավարձով եւ կատարել ապօրինի արարքներ՝ ուժ կիրառել խաղաղ ցուցարարների դեմ։ Մինչդեռ, Ձեր ուղիղ պարտականությունը տարբեր ոլորտներում տիրող ապօրինությունները կանխելն է։

Ի վերջո, ձեզանից շատերը ցուցարարների թվում կտեսնեն իրենց հարեւանին, ընկերոջը եւ, ինչու ոչ, տանեցիներին. հո չե՞ք դուրս գալու Ձեր հարազատների դեմ։ Այժմ փողոցներում գտնվող խելացի եւ ըմբոստ երիտասարդությունը Հայաստանի ապագան են և, հարված հասցնելով այդ երիտասարդներին, Դուք կհարվածեք մեր երկրի ապագային։ Ինչպես ասում են՝ «Հայը հային չի խփի», բայց այս ժողովրդական խոսքը հարկ է հիշել և կիրառել բոլո՛ր դեպքերում, այլ ո՛չ ընտրողաբար։

Խաղաղություն եւ բարեկեցություն բոլորիս։

Ներբեռնել թռուցիկի տեքստը