Միխայիլ Մագիդ, հրապարակախոս
Հատուկ Eurasia Diary֊ի համար
Հայաստանյան ընդդիմադիր «Ելք» կուսակցությունը (իրականում «Ելք»֊ը դաշինք է և ԱԺ խմբակցություն, որի մեջ մտնում է Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը֊խմբ.) հայտարարել է Հայաստանում թավշյա հեղափոխության մեկնարկի մասին՝ ի պատասխան երկրի ղեկավար Սերժ Սարգսյանի՝ Հայաստանը ցմահ կառավարելու (այժմ արդեն վարչապետի աթոռից) որոշման։
Մինչև 2015 թվի դեկտեմբերը Հայաստանը նախագահական երկիր էր։ 2008 թվականին Սարգյանն ընտրվեց նախագահի պաշտոնում, 2013֊ին՝ վերընտրվեց։ 2015 թվականի դեկտեմբերի 6֊ին Հայաստանում անցկացվեց հանրահավաք, որի արդյունքում երկիրը նախագահականից վերածվեց խորհրդարանակի։ Դա իշխող Հանրապետական կուսակցությանն ու Սարգսյանին անհրաժեշտ էր իշխանությունը հետագայում պահելու համար, քանի որ երրորդ անգամ առաջադրվելու իրավունք Սարգսյանն օրենքով չուներ։ Հետևաբար, իշխող Հանրապետական կուսակցությունն ու դրա առաջնորդ Սերժ Սարգսյանը (ղարաբաղյան կլանի ու Մոսկվայի դրածոն) 2015֊ի դեկտեմբերին Հայաստանը վերածեցին խորհրդարանական երկրի։ Հիմնական իշխանությունն այժմ վարչապետի ձեռին է, իսկ նախագահի լիազորությունները սահմանափակ են։
Շաբաթ օրը Հանրապետական կուսակցությունը պաշտոնապես հաստատեց նախկին նախագահ Սարգսյանի թեկնածությունը երկրի վարչապետի պաշտոնին։ Սարգսյանի նախագահական լիազորություններն ավարտվել են ապրիլի 9֊ին, ու հիմա նա մտադիր է Հայաստանը ղեկավարել վարչապետի աթոռից։ Փաստորեն, Սերժը որոշել է դառնալ Հայաստանի ցարը, դրա ցմահ ղեկավարը։
«Ելքը» եվրոպամետ ու հակառուսաստանյան կուսակցություն է։ Երևանում փողոցային մոբիլիզացիան լուրջ է, բայց դեռևս պարզ չէ՝ արդյոք բավարար է ռեժիմը տապալելու համար։
Հայկական պետությունը մեծ մասամբ վերահսկվում է Մոսկվայից: Խոշորագույն էներգետիկ ընկերությունները պատկանում են Ռուսաստանի Դաշնությանը: Տեղական տնտեսության անարդյունավետության պատճառով, հարյուր հազարավոր հայեր ստիպված են աշխատանք փնտրել Ռուսաստանում: Մինչև վերջերս երկրի վարչապետը Կրեմլի վստահված անձ՝ «Գազպրոմ» -ի ղեկավարներից Կարեն Կարապետյանն էր։ Ի վերջո, հայկական պետության գոյությունը ուղղակիորեն կապված է երկրի տարածքում ռուսական ռազմական խմբավորման ներկայության հետ, որը պահպանում է երկրի սահմանները:
Ադրբեջանի հետ թշնամական հարաբերությունների ու ադրբեջանական բանակի անդադար հզորացման պայմաններում, Հայաստանի ղեկավարությունը ստիպված է կառչել ՌԴ֊ի հետ ռազմական դաշնակցությունից։ 2016 թվականին ապրիլյան քառօրյա պատերազմը ցույց տվեց Ադրբեջանի աճող ռազմական հնարավորությունները և Ղարաբաղը ուժով վերադարձնելու ակնհայտ մտադրությունը:
Այս ամենի համար ընդդիմությունը մեղադրում է Սերժին։ Նրան մեղադրում են ընտրությունները կեղծելու, էներգառեսուրսների բարձր գների ու մի շարք այլ տնտեսական խնդիրների, ապրիլյան պատերազմում մարտական պարտության մեջ, ինչպես նաև նրանում, որ նա Ռուսաստանի խամաճիկն է։ Ընդ որում, Սերժը հիմա էլ ցանկանում է ցմահ ղեկավար դառնալ․ նման բացահայտ բռնապետություն հայերը չեն կարող հանդուրժել։ «Ելքը» առաջարկում է կենտրոնանալ եվրոպական մոդելների վրա և սերտորեն համագործակցել Եվրամիության հետ: Վերջին տարիներին Հայաստանում հակակառավարական զգացմունքներին զուգահեռ արագորեն աճում էին նաև հակառուսական զգացմունքները, քանի որ Սերժը Մոսկվայի դրածոն է:
Հենց Մոսկվայի հետ կապերի ու անորոշ ռազմա֊քաղաքական իրավիճակի շնորհիվ էլ, սակայն, Սերժ Սարգսյանն ու իր խմբավորումը հաջողացրել են երկար տարիներ ղեկավարել երկիրը։ Նրանց հանդեպ ատելությունը մեծ է, բայց հայերը վախենում են ապակայունացումից։ Ինչպե՞ս կարձագանքի Ադրբեջանը, եթե անկարգություններ սկսեն։ «Ելքի» եվրոպամետ ուղղվածությունը ոչ բոլորին է դուր գալիս։ Ու խնդիրը ոչ միայն ու ոչ այնքան գեյ շքերթներն ու այլ եվրոպական սոցիալ֊մշակութային նորարարություններն են, որոնք Հայաստանը մոտ ապագայում չի ընդունի։ Բոլորը հասկանում են, որ Եվրամիությունը Ռուսաստանին ավելի հարուստ ու ավելի ուժեղ է, ու որ դրա տնտեսական համակարգն ավելի արդյունավետ է, և կարևորը դա է։
Բայց եթե «Ելքը» հաղթի, արդյոք Ռուսաստանը չի՞ ցանկանա հեռանալ Հայաստանից։ Արդյո՞ք հայկական պետությունը պատրաստ է միայնակ դիմադրել Ադրբեջանին՝ զրկվելով Մոսկվայի պես հզոր դաշնակցից։ Չէ՞ որ Եվրամիությունը ակնհայտ թույլ արտաքին քաղաքականություն է դրսևրում․ այն նույնիսկ հարևան ու բարեկան Ուկրաինային չպաշտպանեց, ուր մնաց՝ Հայաստանին։ Եվ ի վերջո, ի՞նչ կլինի հայ աշխատողների հետ․ չէ՞ որ մեծ է հավանականությունը, որ հաջողված հեղափոխության ու հակա֊ռուսաստանյան ուղղվածության ընդունման դեպքում, Ռուսաստանը նրան տուն կուղարկի։ Ո՞վ է այդ դեպքում կերակրելու նրանց ընտանիքներին։ Հայաստանում աշխատանք չկա․․․
Միևնույն ժամանակ, փոխզիջման հիման վրա Ադրբեջանի հետ խաղաղության հաստատումը ներկայումս բացառվում է։ Ղարաբաղի համար մղված հաղթական պատերազմը (1992-1994թթ.) լեգիտիմացրեց անկախ հայկական պետությունն իր աղքատ, ավտորիտար ռեժիմի ձեռքում տառապող բնակչության աչքերում: Այս հաղթանակն այս պետության միակ հպարտությունն է (խոսում ենք ժամանակակից, ոչ թե անցյալի Հայաստանի մասին): Հետևաբար, ցանկացած քաղաքական գործիչ, որը կառաջարկի խաղաղ պայմանագիր Ղարաբաղը կիսելու միջոցով, կբախվի ժողովրդական ատելության․․․
Հայաստանը հայտնվել է թակարդում՝ հրահրված ուժեղ աղգային զգացմունքով։ Այն պատրաստ չէ այլևս ապրել Ռուսաստանից կախվածության մեջ գտնվող՝ խամաճիկային, աղքատ, կոռումպացված, ավտորիտար պետության կարգավիճակում: Հայ ժողովուրդը՝ իր բավական ուժեղ ժողովրդավարական տրամադրություններով և քաղաքացիական ակտիվության բարձր մակարդակով, պատրաստ չէ հաշտվել ցարիզմի հետ։ Բայց ոչ ոք չգիտի՝ արդյոք երկիրը կկարողանա գոյատևել առանց Ռուսաստանի: Սա է ժամանակակից Հայաստանի հիմնական պարադոքսը: Եվ դեռ չգիտենք, թե այն ինչպես կլուծվի:
Այս բոլոր գործոններն ազդում են Հայաստանի ընտրության վրա։ Հետևաբար, թեև Սերժ Սարգսյանի հանդեպ ատելությունը մեծ է, փաստ չէ, որ բողոքողներին կհաջողվի ավտորիտար ռեժիմը տապալելու համար բավարար քանակության մարդկանց հավաքել։