2018 թ. ապրիլի 17-25-ը քաղաքացիական անհնազանդության, ոչ բռնի, խաղաղ ցույցերի մասնակիցների և դրանք լուսաբանող լրագրողների նկատմամբ ոստիկանների և քաղաքացիական հագուստով անձանց կողմից բռնություն գործադրելու, ինչպես նաև ցուցարարների տեղաշարժը խոչընդոտելու դեպքերի վերաբերյալ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հանցագործության մասին 19 հաղորդում է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազություն:
Լրագրողների մասնագիտական գործունեությունը բռնությամբ խոչընդոտելու վերաբերյալ ՀՔԱՎ-ը 2 հաղորդում է ներկայացրել, երկուսով էլ, ըստ ՀՀ Քննչական կոմիտեի պաշտոնական կայքի, հարուցվել են քրեական գործեր ՀՀ Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով (Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը), սակայն կազմակերպությանը քրեական գործ հարուցելու մասին պատասխան չեն տրամադրել:
«Դրանք վերաբերում են 2018 թ. ապրիլի 17-ի լույս 18-ի գիշերը Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում factor.am լրատվական կայքի գլխավոր խմբագիր Արևիկ Սահակյանի ու նրան օգնության հասած օպերատորի նկատմամբ, ինչպես նաև ապրիլի 21-ին Արտաշատի ճանապարհին «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Արուս Հակոբյանի նկատմամբ կիրառված բռնության դեպքերին», ֊ նշում է ՀՔԱՎ֊ը:
Ցույցերին մասնակցությունը խոչընդոտելու վերաբերյալ կազմակերպությունը հանցագործության մասին 3 հաղորդում ենք ներկայացրել, դրանցից ոչ մեկի վերաբերյալ պատասխան չի ստացել:
Հանցագործության մասին հաղորդումները վերաբերում են Երևանի 152-րդ դպրոցում աշակերտներին փակի տակ պահելուն, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի կողմից մարզի գյուղապետերին դասադուլներ թույլ չտալու հրահանգ տալուն, ապրիլի 22-ին Մասիսի քաղաքապետարանի և ոստիկանների կողմից Հովտաշեն և Խաթունարխ գյուղերի բնակիչների՝ դեպի Երևան երթը խոչընդոտելուն:
Խաղաղ ցուցարարներին, առանց օրինական հիմքի, բերման ենթարկելու վերաբերյալ հանցագործության մասին 2 հաղորդում է ներկայացվել: Ապրիլի 17-ին շուրջ 2 տասնյակ խաղաղ ցուցարարներին ոստիկանական ավտոբուսով, առանց օրինական հիմքի, բերման ենթարկելու մասին հաղորդումն ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազություն:
Երևանի Ֆրիկի փողոցից 34 TM 967 պետհամարանիշով դեղին գույնի Վազ 2124 մակնիշի ավտոմեքենայով 6 երիտասարդի առանց օրինական հիմքի բերման ենթարկելու մասին ահազանգի հիման վրա ներկայացված հաղորդումն ուղարկվել է ՀՀ Ոստիկանության ներքին անվտանգության վարչություն: 1 հաղորդում է ներկայացվել 2018 թ. ապրիլի 16-ին ոստիկանների կողմից անվտանգության կանոնների խախտմամբ հատուկ միջոցներ կիրառելու վերաբերյալ, որի հետևանքով 46 անձ բեկորային վնասվածքներ ստացավ:
Մյուս հաղորդումները վերաբերում են խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանների և քաղաքացիական հագուստով անձանց կողմից բռնություն կիրառելու դեպքերին: 2018 թ. ապրիլի 16-ին Երևանի Հերացի փողոցում ոստիկանների աչքի առաջ ցուցարարներին ծեծելու վերաբերյալ հաղորդումը ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազություն, իսկ ոստիկանների անգործությանն իրավական գնահատական տալու մասով հաղորդումը՝ ՀՀ Հատուկ քննչական ծառայություն: Հաղորդում է ներկայացվել նաև ապրիլի 20-ին Երևանի Այվազովսկու փողոցում Toyota Corolla մակնիշի CE.109C արտասահմանյան պետհամարանիշով ավտոմեքենայից խաղաղ ցուցարարների վրա հարձակված քաղաքացիական անձանց պատասխանատվության ենթարկելու պահանջով:
Եվս մեկ հաղորդում ներկայացվել է ապրիլի 20-ին ցուցարարներին հայհոյելով և սպառնալով ցույցը դադարեցնելու պահանջներ ներկայացրած ոստիկանության փոխգնդապետի գործողությունների վերաբերյալ: Հաղորդումներին կցվել են դեպքերը ներկայացնող տեսանյութեր: Հաղորդումների վերաբերյալ ՀՔԱՎ֊ը պատասխան նույնպես չի ստացել։
«Ապրիլի 22-ին բերման ենթարկվող քաղաքացու նկատմամբ բռնություն կիրառած կարմիրբերետավոր ոստիկանին պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդմանը ևս պատասխան չենք ստացել», ֊ նշում է ՀՔԱՎ֊ը: