Home / Ոստիկանություն / Բիրտ ուժ, հարյուրավոր բերման ենթարկվածներ․ Ռուսաստանում փողոց էին դուրս եկել Պուտինի դեմ

Բիրտ ուժ, հարյուրավոր բերման ենթարկվածներ․ Ռուսաստանում փողոց էին դուրս եկել Պուտինի դեմ

Շաբաթ օրը՝ մայիսի 5-ին, Մոսկվայում և Ռուսաստանի Դաշնության մոտ 90 այլ քաղաքներում անհնազանդության ակցիաներ են անցկացվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ՝ «Նա մեր թագավորը չէ» կարգախոսով։ Ակցիաների կազմակերպիչն ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին է, որին ոստիկանները բերման են ենթարկել մի քանի րոպե անց նրանից հետո, երբ նա հայտնվել է իր աջակիցների մոտ Մոսկվայի Պուշկինի հրապարակում։ Ընդհանուր առմամբ, օրվա ընթացքում բերման են ենթարկվել ավելի քան 1600 մարդ։ Ոստիկանության հատուկջոկատայիները մարդկանց բերման ենթարկելիս բիրտ ուժ են գործադրել. բազմաթիվ քաղաքացիներ վնասվածքներ են ստացել, ոմանք տեղափոխվել են հիվանդանոցներ։

Մոսկվայում բերման են ենթարկում․

Սանկտ֊Պետերբուրգի ակցիան․

Դեռևս մայիսի 4-ի երեկոյան ոստիկանությունը մի քանի քաղաքներում ձերբակալել էր Նավալնիի շարժման շտաբի ղեկավարներին, սակայն հաջորդ օրը տասնյակ բնակավայրերի հազարավոր մարդիկ փողոց էին դուրս եկել՝ բողոքելով Վլադիմիր Պուտինի չորրորդ նախագահական ժամկետի դեմ։ «Նա մեր թագավորը չէ», «Դիմադրիր», «Մենք ստրուկներ չենք», «Պուտինը գող է» և այլ պաստառներով մարդիկ փորձել են քաղաքական զբոսանքներ կազմակերպել, սակայն նրանց ամեն կերպ խոչընդոտել են ոչ միայն ոստիկանները, այլ նաև Ռուսաստանի իշխանությունների կողմից ֆինանսավորվող ծայրահեղ պահպանողական խմբերը, մասնավորապես, «Ազգային ազատագրական շարժում», «Երիտասարդ գվարդիա», ինչպես նաև կազակների հագուստով տասնյակ տղամարդիկ։ Նրանք ակտիվորեն խանգարել են բողոքողներին Մոսկվայում, Սանկտ֊Պետերբուրգում, նաև այլ քաղաքաներում՝ հրելով, հարվածելով Նավալանիի կողմնակիցներին։ Եթե որևէ մեկը պատասխանում էր նրանց, ոստիկանները ծեծելով նրան բերման էին ենթարկում։ Հասարակական կարգը խատող պահպանողական խմբերի ներկայացուցիչների բերման ենթարկելու դեպքեր չեն գրանցվել։

Ակցիաների ժամանակ մարդիկ պարբերաբար վանկարկել են՝ «Ուզում ենք Հայաստանի նման»․

Ալեքսեյ Նավալնիին ոստիկանությունից բաց են թողել կիրակի ուշ երեկոյան։ Նրան մեղադրում են վարչական իրավախախտումների մեջ՝ «հանրային միջոցառման անցկացման ժամանակ կարգի կրկնակի խախտում» և «ոստիկանության աշխատակցի օրինական պահանջի չկատարում»։ Դատարանը Նավալնիի գործը կքննի մայիսի 11֊ին, նրան մինչև 45 օր ձերբակալություն է սպասում։ Ընդդիմադիր գործչի որոշ կողմնակիցներին արդեն իսկ ձերբակալել են 25 օրով։ Դեռևս մինչև շաբաթօրյա ակցիաները ռուսաստանցի ընդդիմադիրները հայտարարել էին, որ պատրաստվում են կրկին փողոց դուրս գալ՝ անկախ նրանից, թե ինչով կավարտվի մայիսի 5-ի գործողությունը։

Լուսանկարը՝ meduza.io