ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Արարատ Միրզոյանն ու Լենա Նազարյանը Գարեգին Չուգասզյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ երաշխավորություն են ներկայացրել։ Այս մասին հաստատող փաստաթուղթը Միրզոյանը հրապարակել է Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում։
«Գարեգին Չուքասզյանը, գտնվելով ազատության մեջ, կդրսևորի պատշաճ վարքագիծ, չի խուսափի իր դատավարական պարտականությունները պատշաճ կատարելուց՝ քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով ներկայանալուց։ Չուքասզյանի նկատմամբ խափանման միջոց կիրառված կալանքը փոփոխելու կամ փոխարինելու պարագայում ստանձնում ենք դրանից բխող բոլոր պարտավորությունները», ֊ գրված է պատգամավորների դիմումում։
Մի քանի օրից կայանալու է արդեն 17 օր հացադուլի մեջ գտնվող Գարեգին Չուգասզյանի գործով Վերաքննիչ բողոքի նիստը, որով նրա պաշտպան Տիգրան Եգորյանը պահանջում է վերացնել խափանման միջոց կալանքը։ Փաստաբանը հույս ունի, որ արդեն «նոր իրողության մեջ գտնվող Հայաստանի Հանրապետության արդարադատության համակարգը» Չուգասզյանին ազատ կարձակի։