Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում գործող Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանը երեկ և այսօր մի քանի ժամով դադարեցրել է աշխատանքը, քանի որ աշխատակիցները գործադուլ են արել և պահանջել աշխատավարձերի բարձրացում։
Գործարանի բակում հավաքված մի քանի տասնյակ աշխատակիցներ պատմել են, որ իրենց դժգոհությունը նոր չէ, սակայն ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի և նրա կառավարության ժամանակ վախեցել են այդ մասին բարձրաձայնել։
Epress.am-ի հետ զրույցում Քաջարանի բնակիչ Արուսիկ Պապյանը պատմել է, որ բանվորներից մեկի տեղեկություններով՝ այսօր 16։00-ին տնօրինությունը քննելու են աշխատավարձերի հարցը։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանը պաշտոնական հաղորդագրությամբ հերքել է, թե գործադուլ է եղել․
«Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն պաշտոնապես հայտարարում է, որ ձեռնարկության աշխատանքային կոլեկտիվը գործադուլ չի հայտարարել և չի դադարեցրել գործունեությունը:
2018թ-ի մայիսի 10-ին ընկերության տարբեր ստորաբաժանումների մի խումբ աշխատակիցներ առաջ են քաշել աշխատավարձի վերանայման, ինչպես նաև աշխատանքային կարգով պարզաբանում պահանջող այլ հարցեր:
Մայիսի 11-ի առավոտյան ընկերության գլխավոր տնօրեն պարոն Մհեր Պոլոսկովը, ձեռնարկության արհեստակցական կազմակերպության ու ակտիվի ներգրավմամբ, նախաձեռնել է լայն ու համակողմանի քննարկումներ աշխատանքային կոլեկտիվի հետ, որի ընթացքում բարձրացված հարցերի մի մասը լուծում է ստացել, մյուսների դեպքում էլ նախանշվել են մեխանիզմներն ու ժամկետները»: