Home / Շուկա / Ոստիկանության նախկին դերձակները պահանջում են իրենց աշխատավարձերը․ ակցիա կառավարության մոտ

Ոստիկանության նախկին դերձակները պահանջում են իրենց աշխատավարձերը․ ակցիա կառավարության մոտ

«Կոնտինենտ տեքստ» ընկերության նախկին աշխատակիցները որոշ դադարից հետո այսօր կրկին հավաքվել են Կառավարության մոտ՝ պահանջելով վճարել իրենց աշխատավարձերը։

Նրանք հույս ունեն, որ նոր ձևավորվող Կառավարությունը նրանց կաջակցի ստանալ 8 ամսվա չտրված աշխատավարձը, որը ընդհանուր առմամբ բոլորի համար մոտավորապես 33 միլիոն դրամ է կազմում։ Աշխատավարձին սպասում է 140 մարդ։

«Կոնտինենտ տեքստ» ընկերությունը պատկանել է Ներքին գործերի նախարարությանը (հետագայում ՀՀ ոստիկանություն) և 1995 թվականից ներքին զործերի նախարարության, ապա ոստիկանության աշխատողների համար համազգեստներ է կարել։ 2012 թվականին ընկերությունը լուծարվել է, տարածքը՝ վաճառվել, իսկ վերջին 8 ամսվա աշխատավարձերը չեն տրվել։ Այժմ գործարանի տեղում բարձրահարկ բնակելի շենք են կառուցել, որն, ըստ աշխատակիցների, պատկանում է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին։

«Վերջին վարչապետին՝ Կարեն Կարապետյանին, 5 դիմում էինք ուղարկել։ Անընդհատ պատասխանում էին, թե զբաղվում են այդ հարցով։ Հիմա եկել ենք, տեսնենք էս նոր կառավարությունը մեզ կօգնի՞։ Հո չե՞նք նվիրելու իրենց, մենք այդ փողը քրտնելով ենք աշխատել»,֊ Epress.am֊ի հետ զրույցում նշել է ընկերության հաշվապահ Գոհար Թամամյանը։

Աշխատակիցների խոսքով՝ Վլադիմիր Գասպարյանի համար այդքան գումար վճարելը խնդիր չէ՝ «մի անգամ ռեստորան գնալու ուտուշ֊խմուշի գինն արժե»։

Նշենք, որ Կառավարության այսօրվա նիստի ընթացքում շենքի մոտ կանգնած մարդկանց խնդիրները եկել էին լուսաբանելու նաև Հանրային հեռուստաընկերությունից, որոնք երկար տարիների ընթացքում բողոքող տարբեր մարդկանց խնդիրները չեն լուսաբանել։

Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներն էլ մոտենում էին բողոքող մարդկանց, փորձում հասկանալ, թե ով ինչ խնդրով է եկել Կառավարության մոտ։