Հարգելի Նիկոլ Փաշինյան,
Ժամը 5:31 է, լուսաբաց, չեմ կարողանում քնել թեև շա՜տ կուզենայի հանգիստ քնել։ Եվ ուրեմն որոշեցի Ձեզ մի շատ պարզ նամակ գրել։ Քանի որ ֆեյսբուքյան պատս հեղեղված է Ձեզ հղում անող ու դիմող կանանց գրություններով (ըստ երևույթին նրանց շառաչն ու սացումը Ձեզ դեռ չի հասել)։ Գրությունները տարբեր են՝ կարճ, երկար, բարբառային, ֆորմալ, հայերեն, անգլերեն, ռուսերեն, սակայն բոլորը տագնապով մի բան են արձանագրում ու հարցադրում.
Հայաստանի Հանրապետության նոր կառավարությունում բացակայում են կանայք։ Ո՞ւր են կանայք:
Կարծում եմ, որ ավելորդ է կրկին անգամ շեշտել (արդեն բազում անգամներ շեշտվել ու ասվել է), որ երբ Դուք և Ձեր պայքարակիցները կոչ արեցիք ժողովրդին և ժողովուրդը միահամուռ ու միանգամից արձագանքեց Ձեզ, և երբ բազմությունները դուրս եկան փողոց, թե՛ առաջնագծում, թե՛ պաստառները բարձր պահած, թե եզրերից քայլող, թե՛ թիկունքում, թե՛ շուրջբոլոր աղջիկներ ու կանայք էին։ Բազմությունները խառն էին և օրինաչափ՝ Ձեզ սատարում էին թե՛ աղջիկներ, և թե՛ տղաներ, թե՛ կանայք, և թե՛ տղամարդիկ։
Նրանք դասադուլ անող աշակերտներ և ուսուցիչներ էին, ուսանողներ և դասախոսներ, գործադուլ անող բժիշկներ, սրճարաններում ու ճաշարաններում աման լվացողներ, տաքսու վարորդներ, գործարաններում աշխատողներ, իրենց մանկահասակ երեխաներին սայլակների մեջ դրած և փողոց դուրս եկած մայրեր և հայրեր, պատերազմի վետերաններ, խնամված ու անխնամ տատիկներ ու պապիկներ։ Նրանք ԲՈԼՈՐԸ միասին, միասնաբար, միահամուռ ցանկանում էին փոփոխություն, որ իրենց կյանքն այլևս նույնը չլինի, որ անհապաղ վերջ դրվեն Հանրապետությունում տիրող անարդարությունները և որպեսզի նրանք վերագտնեն իրենց արժանապատվությունը՝ լինելու գիտակից, պատասխանատու, անկախ և գործունյա քաղաքացիներ։
Բազմություններում աղջիկների և կանանց մեծ մասը քաղաքականացված էր և նրանք քաղաքականացրեցին շատ ուրիշների, ալիքների պես ազդելով ու ազդարարելով շարժումը, հեղեղելով ու փակելով փողոցները, սոցցանցերում աղմկելով ու ագիտացիա անելով, բազմապատկելով ու քառապատկելով իրենց թվերը։ Նրանք չընկրկեցին, երբ բեմից չէին հնչում աղջիկների և կանանց ուղերձներ (թեև լսեցին տղուկների ու տղամարդկանց կողմից արտասանված բազում ճառեր), նրանք չընկրկեցին, երբ նրանց դիմում էին «տղերքով» և «եղբայրներով» (հանուն «եղբայրության»), թեև շա՜տ կուզեին լսել, որպես վառ ապացույց, որ իրենց տեսնում են (և չե՛ն անտեսում), հարգում են (և չե՛ն արհամարհում), սիրում են (և չե՛ն օգտագործում) ու կոչում են՝ «աղջիկնե՛ր», «կանա՛յք», «քույրե՛ր»։ Նրանք հավատացին արդարության, սիրո և հանդուրժողականության կոչերին, որ Դո՛ւք և Ձեր պայքարակիցները հնչեցնում էիք թե՛ փողոցներում, և թե՛ հրապարակի հարթակից։ Սակայն այժմ, գոնե գրելուս պահին, կարծես թե, խախտվել է օրինաչափությունն ու արդարությունը, ժողովրդին ներկայացնող ու պետությունը վարող կառավարության մեծամասնությունը` 23-ից 21-ը արական սեռից են, մինչ այդ կան բազում կանայք՝ բարձրագույն կրթությամբ, աշխատանքային մեծ փորձ ունեցող մասնագետներ, որոնք ևս կարող են, ցանկանում են և պատրաստ են անցնել գործի։
Աղջիկներն ու կանայք փոքրամասնություն չեն Հայաստանի Հանրապետությունում. նրանք եթե մեծամասնություն չեն, ապա գոնե բնակչության կեսն են։ Ինչպես աղջիկներն ու կանայք ցանկացան մաս կազմել թավշյա հեղափոխությանը, ցանկանալով փոփոխություններ տեսնել իրենց կյանքում, այնպես էլ կանայք ցանկանում են և պետք է մաս կազմեն մեր երկրի վերակառուցման աշխատանքներին և պետք է համաչափորեն ներկայացված լինեն կառավարությունում։ Սա առնվազն օրինաչափ և արդար է։
Մենք պետք է հավասարապես ներկայացված լինենք նոր կառավարությունում և վե՛րջ։ Մենք ևս ցանկանում ենք կերտել մեր երկրի ներկան ու ապագան և վե՛րջ։ Մենք ևս ցանկանում և պահանջում ենք որոշումներ կայացնելու հնարավորություն ունենալ և վե՛րջ։ Առանց մեր ներկայության և ներկայացուցչության Հայաստանի Հանրապետության կառավարությունը ժողովրդավար չի կարող լինել և վե՛րջ։
Կոչ եմ անում նաև «Ելք» խմբակցության անդամներին և պահանջում (քանի որ 2017-ի խորհրդարանական ընտրություններին ձայնս նրանց եմ տվել), միացե՛ք այս կոչին։
Սիրելի Նիկո՛լ, հանուն Ձեր երեք աղջիկների, որոնք Ձեր ընտանիքում մեծամասնություն են կազմում, հանուն իմ հինգ ամսական աղջկա, որ վստահ եմ ցանկանալու է մեծանալ արդար Հայաստանում, բա՛ց արեք կառավարության փոխաբերական դռները և ներս հրավիրեք կանանց, որպեսզի մենք էլ իրացնենք մեր իրավունքը՝ կերտելու մեր երկիրը և առաջնորդելու մեր ժողովրդին դեպի բարելավ ապագա։
Շուշան Ավագյան
ՀՀ քաղաքացի