«Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանն այսօրվա նիստին միջնորդել է, որպեսզի իր պաշտպանյալին թույլ տան քրեակատարողական հիմնարկում մամուլի ասուլիս կազմակերպել:
«Հեղափոխության ընթացքը դեռ պետք է գնա, մենք դեռ հաղթանակի չենք հասել: Պետք է ինչ֊որ չափով սկսվի արդարադատություն իրականացվել: Եթե խոսում ենք երկխոսության, համերաշխության մասին, այն կողմը, որը զենք է վերցրել բռնապետության դեմ, այդ մարդիկ չպետք է ռեժիմի մնացորդների ձեռքով զրկվեն իրենց խոսքն ասելու իրավունքից: Բանտարկյալի և ազատության մեջ գտնվող մարդկանց միջև երխոսություն չի կարող լինել: Երկխոսություն կարող է լինել հավասար պայմաններում: Կամ թող Սերժ Սարգսյանը նստած լինի իմ կողքի խցում, այդ դեպքում էլ պատրաստ ենք երկխոսության: Սերժ Սարգսյանը կառավարական ամառանոցում է բնակվում ապօրինաբար և շարունակում է անուղղակիորեն սպառնալ ռևանշով մեր ժողովրդի հաղթանակին»,- ասել է Վարուժան Ավետիսյանը:
Ղարաբաղի պատերազմի վետերան, «Սասնա ծռերի» անդամ Պավել Մանուկյանը, իր հերթին, դիմելով դատավոր Մեսրոպ Մակյանին, ասել է․ «Իներցիայով գնում եք, չեք տեսնում, որ իրավիճակ է փոխվել»։
Նա Մակյանից պահանջել է թույլ տալ հենց տեղում մամուլի հետ շփվել՝ դատական նիստի ընդմիջման ընթացքում։
«Ես վստահ եմ, որ դատավոր Մակյանն այսօր խորհրդակցական սենյակից կգա որպես դատավոր: Մինչև հիմա չեմ ասել, բայց այսօր կասեմ՝ պարոն Դատավո՛ր»,- նշել է Մանուկյանը:
Դատավորն ասել է, որ ասուլիսի մասին միջնորդությունը անհապաղ չի քննարկի, դրան կանդրադառնա նիստի ավարտին:
Փաստաբան Լուսինե Սահակյանն ասել է, թե չի հասկանում՝ ինչ նորմով է Մակյանն առաջնորդվում:
«Գոյություն ունի քրեական դատավարության մեկ նորմ, որը կարգավորում է, թե ինչպես պետք է քննարկվեն միջնորդությունները: Դա 102-րդ հոդվածն է, ըստ որի պահանջներն ու միջնորդությունները պետք է քննարկվեն դրանք հայտարարելուց անմիջապես հետո: Հետաձգվում է միայն այն դեպքում, երբ քննության համար անհրաժեշտ է պարզել այլ հանգամանքներ»,- նշել է Սահակյանը: