Հայաստանում չպետք է լինեն քաղբանտարկյալներ։ Այս մասին մայիսի 15-ին՝ կեսգիշերին մոտ, ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջի միջիոցով ուղիղ եթեր դուրս գալով ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այսպիսով, նա վերահաստատել է Ազգային ժողովում և ապրիլյան հանրահավաքների ժամանակ իր հնչեցրած տեսակետը՝ ընդգծելով, որ խնդիրը լուծելու համար իրավական ճանապարհներ է պետք որոնել։
«Շատերը պատկերացնում են, որ այս հայտարարությունից հետո պետք է գնանք, բանտախցերի դռները բացենք և քաղբանտարկյալներին ասենք՝ ժողովուրդ ջան, դուրս եկեք: Ես կարծում եմ, որ դա ճիշտ ճանապարհ չէ, դա օրինական ճանապարհ չէ, և մենք քաղբանտարկյալների խնդիրը պետք է լուծենք օրենքով նախատեսված գործիքների կիրառման միջոցով։
Ինչպես են Հայաստանում քաղբանտարկյալները ձևավորվում։ Էս կաբինետից (ցույց է տալիս աշխատասենյակը֊խմբ․) կամ ուրիշ կաբինետից զանգել են դատավորին կամ լուր են ուղարկել, որ էս մեկին էսքան պիտի դատես, էն մյուսին էսքան պիտի դատես, և էդպես շարունակ։ Ես չեմ կարծում, թե սա ընդհանրապես գործելու ճիշտ մեթոդ է։ Այս հարցով ես զբաղվում եմ և որևէ կասկած չունեմ, որ առաջիկայում որևէ գործիքի կիրառմամբ քաղբանտարկյալները կհայտնվեն ազատության մեջ։
[Այս դեպքում] ինձ համար երկու տարբեր խնդիրներ կան՝ քաղաքականության հետ առնչվող գործեր, որտեղ չունենք զոհեր, և գործեր, որտեղ ունենք զոհեր: Ես ուզում եմ ասել, որ խոսքը վերաբերում է «Սասնա ծռերի» գործին: Այն դեպքերը, որտեղ չունենք զոհեր, դրանք հեշտ և պարզ հարցեր են, և այդ մարդիկ պետք է դուրս գան բանտերից և հայտնվեն ազատության մեջ, էլի եմ ասում՝ օրենքով սահմանված կարգով։ Ուզում եմ ընդգծել, թե ինչն է օրենքով սահմանված կարգը։ Եթե մարդու դատավճիռը ուժի մեջ է մտել, և նա դատապարտված է որոշակի ժամկետով ազատազրկման, մենք պետք է նայենք, թե արդյոք նրա պայմանական վաղաժամկետ ազատելու ժամանակը լրացել է, և տեսնենք, թե ինչ օրինական ճանապարհներ կան, որ մենք էդ խնդիրը էդ ճանապարհներով լուծենք։ Եթե նման հնարավորություն չկա, մենք պետք է մտածենք համաներմամբ այդ մարդկանց ազատ արձակելու մասին։ Եթե հանկարծ պարզվի՝ այդ գործիքն էլ հնարավոր չի կիրառել, պետք է փորձել կիրառել ներման ինստիտուտը։
Ինչ վերաբերում է «Սասնա ծռերի» գործին, ապա այդ գործը մի փոքր այլ է, և ես ինձ հաշիվ եմ տալիս, որ «Սասնա ծռերի» գործի հանգուցալուծումը շատ կարևոր է Հայաստանում համերաշխության հաստատման համար: Ես կարծում եմ, որ այս խնդրի վերաբերյալ մենք պետք է հանրային քննարկում ունենանք: Ինձ համար շատ կարևոր է և սկզբունքային հարց է՝ այդ դեպքերի ժամանակ սպանված ոստիկանների հարազատներին հրավիրենք, զրուցենք և նրանց հետ նույնպես քննարկում ունենանք, նրանց տեսակետները լսենք: Պետք է հասկանանք՝ այդ գործում ինչ կա, ինչն է, որ հիմնավոր ապացույց է, ինչն է որ հիմնավոր ապացույց չէ, էսպես ասած, սարքած է։
Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել մի հանգամանքի վրա․ ես չեմ խոսում մի տարբերակ մասին, երբ ասում եմ՝ եկեք այս խնդիրը չլուծենք։ Չկա այդպիսի տարբերակ։ Էդ խնդիրը և մյուս խնդիրները պետք է լուծվեն։ Ես այս պարագայում ասում եմ, որ մենք պետք է ճշգրիտ գնահատենք իրավիճակը և հասկանանք, թե ինչպես ենք լուծում, ինչ ճանապարհով և ինչ ծավալներով։ Ես տպավորություն եմ ստանում, որ այս թեմաների շուրջ ինչ-որ կասկածներ են առաջացել, քննարկումներ են առաջացել, և ես հույս ունեմ, որ դրանք արհեստական նպատակներ չունեն: Ես, լինելով նախկին քաղբանտարկյալ… Պարզ է, որ վարչապետի աշխատասենյակ մտնելով՝ այդ խնդիրը շարունակում է իմ մտահոգությունների առարկան մնալ։ Բայց ես նաև գիտեմ, որ սա շատ բարդ խնդիր է, իրավական նրբություններով, և խնդիրը պետք է լուծել բացառապես իրավական դաշտում։ Իրավական դաշտում լուծելու համար որոշակի ընթացակարգեր պետք է անցնեն, որոշակի ժամանակ պետք է անցնի։ Եվ ես հիմա ուղղակի խնդրում եմ, որ մենք բոլորս այս իրավիճակին ըմբռնումով մոտենանք։
Քաղբանտարկյալների հարցով խնդիրը պետք է միանշանակ լուծվի, իսկ «Սասնա ծռերի» մասով խնդիրը պետք է լուծվի, ուղղակի մենք պետք է ճշգրիտ հասկանանք ծավալները, շրջանակները և մեթոդներ։ Հայաստանում քաղբանտարկյալներ չպետք է լինեն, այստեղ երկու կարծիք լինել չի կարող»,- ասել է Փաշինյանը: