Home / Բանակ / Զինկոմիսարիատների օպտիմալացման ծրագիրը կհետաձգվի 1 ամսով

Զինկոմիսարիատների օպտիմալացման ծրագիրը կհետաձգվի 1 ամսով

Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նախաձեռնած զինկոմիսարիատների օպտիմալացնելու ծրագիրը հետաձգվելու է մինչև հունիսի 21-ը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Պաշտպանության նախարարությունը։

«Ծանոթանալով զինկոմիսարիատների օպտիմալացման հայեցակարգի իրականացմանն ուղղված աշխատանքներին և առկա խնդիրներին, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանձնարարել է ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ համապատասխան վարչություններին որոշումների վերջնական կայացումը հետաձգել մինչև ս.թ. հունիսի 21-ը», -մասնավորապես, ասված է հաղորդագրության մեջ:

Օպտիմալացման շրջանակներում հայաստանյան զինկոմիսարիատների շուրջ 400 աշխատող կորցրել է աշխատանքը: Զինկոմների աշխատողները կրճատումների դեմ բողոքով մայիսի 16-ին հավաքվել էին Կառավարության շենքի մոտ՝ հանդիպում պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Բացի աշխատատեղերի կրճատումից՝ նրանք նշել են, որ օպիտմալացման արդյունքում մարզի մի քաղաքում ապրող աշխատակիցը տասնյակ կիլոմետրեր պետք է անցնի, որ հասնի մյուս քաղաքի զինկոմիսարիատ աշխատանքի։

Նույն օրը Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը բողոքի վերաբերյալ խորհրդակցություն էր անցկացրել: