Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունում չի քննարկվել այն հարցը, թե ով կարող է փոխարինել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, եթե վերջինս հրաժեշտ տա իր պաշտոնին։ Նման քննարկում չի եղել նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում։ Այս մասին Epress․am֊ի հետ զրույցում ասել է Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ներկայացուցիչ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Զարուհի Բաթոյանը։ Լրագրող Շահանե Խաչատրյանը հիշեցրել է, որ մի խումբ քաղաքացիներ և հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել, որի համաձայն Երևանի քաղաքապետի պաշտոնում տեսնում են հենց իրեն՝ Բաթոյանին, բացի դա, քաղաքապետ լինելու հավակնությունների մասին հայտնել է Ավագանու «Ելք» խմբակցության մեկ այլ անդամ՝ Ալեն Սիմոնյանը, որը երեկ հրաժարվել է պատգամավորական մանդատից։
«Որևէ որոշում, պայմանավորվածություն, զրույց, որը կապ կունենա քաղաքապետի թեկնածության հետ մենք չենք ունեցել։ Պարզապես հարցեր են ուղղել [մեզ]․․․ Օրինակ, ինչպես որ ինձ են հարցեր ուղղել… Ակտիվիստների և հասարակական կազմակերպությունների խումբը, երբ ինձանից հարցրեց՝ պատրաստվում ենք հրապարակել նամակը, իսկ Դուք կուզե՞ք, պատրա՞ստ եք, ես ասացի՝ այո, եթե գա դրա ժամանակը, պատրաստ եմ։ Եվ նույնն էլ, կարծում եմ, Ալեն Սիմոնյանը, և ոչ միայն Ալեն Սիմոնյանը կարող են լինել շատ մարդիկ, ովքեր շատ ավելի կոմպետենտ են, շատ ավելի պատրաստված են և շատ ավելի նվիրված կաշխատեն որպես քաղաքապետ կամ քաղաքապետարանում, քան մենք տեսնում ենք այսօր ղեկավարող ուժի կողմից», ֊ նշել է Բաթոյանը։
Զրույցի ընթացքում նա անդրադարձել է Երևանի քաղաքապետարանի առջև ծառացած հիմնական խնդիրներին՝ տրանսպորտ, քաղաքային բյուջե, հանրային տարածքներ և այլն։
Մասնավորապես, խոսելով քաղաքի ֆինանսների մասին՝ նա ընդգծել է, որ կարևոր է աուդիտ անցկացնել, եթե քաղաքը նոր ղեկավար է ունենալու։
«Պիտի նախորդ արված քայլերը, ծախսերը վերանայել, վերլուծել։ Եթե կան խախտումներ, ապա դրանով պետք է զբաղվեն համապատասխան մարմինները։ Դա անհրաժեշտ է կարծում եմ։ Շատ հաճախ, երբ մեզ ասում են, որ բյուջեն սուղ է և մենք չունենք միջոցներ այս կամ այն հարցի համար, սա պարզապես աչքկապոցի է։ Մենք ասում ենք, որ հնարավոր է նույն բյուջեն բաշխել այնպես․․․ այն ոլորտներին ուղղել, որոնք առաջնահերություն են քաղաքացիների համար»․ ֊ ասել է Բաթոյանը։