«Սասնա ծռերին» աջակցելու գործով անցնող քաղբանտարկյալ Կարո Եղնուկյանին 10 մլն դրամ գրավի դիմաց ազատելու որոշում է կայացվել։ Այս մասին այսօր դատական նիստի ընթացքում հայտարարել է դատավոր Արտուշ Գաբրիելյանը։
Դատավորը մերժել է Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանի խափանման միջոցը փոխելու մասին միջնորդությունը, փոխարենն ասել․ «Կարո Եղնուկյանի նկատմամբ գրավի կիրառումը ճանաչել կիրառելի և գրավի չափ սահմանել 10 մլն դրամ»։
Դատավորն իր որոշումը հիմնավորել է Կարո Եղնուկյանի ֆինանսական հնարավորություններով։
«Հաշվի առնելով ձեր գույքային դրությունը և այն, որ դատական նիստերի ընթացքում բազմիցս հայտարարել էիք, որ պատրաստ եք մի քանի միլիոն դրամ գրավի գումար մուծեք՝ դրա համար դատարանը նպատակահարմար գտավ ձեր վերաբերյալ գրավի գումարի չափ սահմանել 10 մլն ՀՀ դրամը»,֊ ասել է Գաբրիելյանը։
2016 թվականին՝ Եղնուկյանի ձերբակալությունից հետո, դատարանը մերժել էր 1 միլիոն դոլար գրավի դիմաց իրեն ազատ արձակելու միջնորդությունը։