Ուլնեցի փողոցում ապրիլի 21-ին տեղի ունեցած բռնությունների դեպքի առթիվ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Անդրանիկ Իսոյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից խուլիգանություն)։ Քննիչը միջնորդել է վերջինիս կալանավորել։ Այս մասին հաղորդում է ՀՀ Քննչական կոմիտեն։
Իսոյանը Դատական ակտերի հարկադիր ծառայության (ԴԱՀԿ) նախկին պետ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանի օգնականն է։
Իսոյանի մասնակցությամբ միջադեպը տեղի է ունեցել 2018թ. ապրիլի 21-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում։ Այդ օրը բողոքի ակցիայի շրջանակներում քաղաքացիները մասամբ փակել էին Ուլնեցու փողոցի ավտոճանապարհի երթևեկելի հատվածը։ Այդ ժամանակ նրանց էր մոտեցել «Պորշ» մակնիշի երկու ավտոմեքենա, որոնցից իջած մի խումբ անձինք մահակներով հարվածել են փողոցը փակած ավտոմեքենաներին և վարորդներին:
«Ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկը 1988 թվականին ծնված Երևանի բնակիչ Անդրանիկ Իսոյանն է», ֊ գրում է ՀՀ Քննչական կոմիտեն։
ՀՀ Քննչական կոմիտեի տեսանյութը․
Ավելի վաղ լրագրողների հետ զրույցում Միհրան Պողոսյանը, խոսելով իր օգնականի մասին, ասել էր․ «Իմանալով իմ օգնականին՝ ես հույս ունեմ, որ սա թյուրիմացություն է։ Հորդորում եմ սպասել մեկ-երկու օր, որոշակի վենդետաներ չլինեն»։