Home / Մեդիա / Դատախազությունը պատրաստվում է ուսումնասիրել Հանրայինում չարաշահումների դեպքերը

Դատախազությունը պատրաստվում է ուսումնասիրել Հանրայինում չարաշահումների դեպքերը

ՀՀ գլխավոր դատախազությունը ուսումնասիրության առարկա է դարձրել Հանրային հեռուստաընկերությունում չարաշահումների վերաբերյալ Hetq.am լրատվական կայքի հրապարակումները: Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից լիարժեք և համակողմանի ուսումնասիրություն իրականացնելու, դրանցում ներկայացված փաստերին քրեաիրավական գնահատականներ տալու անհրաժեշտությունից ելնելով՝ ՀՀ Ֆինանսների նախարարությունից պահանջվել են Ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության կողմից «Հայաստանի Հանրային Հեռուստաընկերություն» ՓԲ ընկերությունում իրականացված ստուգման փաստաթղթային հիմքերը, որոնք դեռևս չեն ստացվել»,֊ գրել է Աբրահամյանը:

Խորհրդականի պնդմամբ՝ դատախազությունը դիմել է նաև «Հետք»-ին իրենց հայտնի ամբողջական տեղեկատվությւոնը փոխանցելու ակնկալիքով․ «Բացի դրանից, հաշվի առնելով քրեական գործ հարուցելու հիմքերի հայտնաբերմանն օժանդակելու հարցում «Հետք»-ի արտահայտած պատրաստակամությունը, դիմել ենք խմբագրությանը՝ տրամադրելու չարաշահումների փաստերի վերաբերյալ իրենց հայտնի ամբողջական տեղեկատվությունը՝ նաև դրանցով օրենքով սահմանված կարգով իրավական գնահատական տալու նպատակով անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար»:

«Հետք»֊ի «Հանրային հեռուստատեսությունը Ռուբեն Ջաղինյանի փողերի լվացքատունն է» հետաքննական հոդվածում, մասնավորապես, նշված է, թե ինչ մեխանիզմով էր Ռուբեն Ջաղինյանն աշխատեցնում իր «լվացքատունը»։ Հանրային հեռուստաընկերության բյուջեի մոտ 75%-ը փոխանցվում էր «Շարմ հոլդինգ» ընկերությանը, այս ընկերությունից գումարի մի մասը գնում էր մեկ այլ ընկերություն` տեխնիկա վարձակալելու համար։ «Շարմ հոլդինգ»-ի սեփականատերերն են Ռուբեն Ջաղինյանը (50%), Հրանտ Թոխատյանը (25%), Կարեն Ղազարյանը (25%)։

Հանրայինի բարքերի վերաբերյալ երկու օր առաջ տեսանյութ էր տարածել նաև «Հանրայինը հանրությանը» քաղաքացիական նախաձեեռնությունը։