Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 19 պոլիկլինիկայի աշխատակիցներն ահազանգել են Երևանի ավագանում «Ելք» խմբակցության ավագանու անդամներին, որ հատկապես ձմռան ամիսներին իրենց աշխատավարձերից տոկոսներ են պահվում՝ կոմունալ վճարումների համար։ Բացի դրանից՝ մամոգրաֆիայի սարքը չի աշխատում, սակայն դրա համար կտրոններ են տպվում։ Տնօրեն Սամվել Սարգսյանը նշել է, որ աշխատակիցները շատ հարցերում ստում են։ Իսկ աշխատավարձերից գումարներ պահվում են՝ համապատասխան օրենքի համաձայն։ Ահազանգի հետքերով ավագանիներն այսօր այցելել են պոլիկլինիկա։
Սամվել Սարգսյան
Պոլիկլինիկայի ակնաբույժ Մետաքսյա Մելքոնյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ինքը չգիտի՝ որքան է իր կեղտոտ աշխատավարձը։ Նա նշել է, որ հատկապես ձմռան ամիսներին հաշվապահությունը որոշակի տոկոսներ է պահում կոմունալների վճարման համար։
«Ես փորձել եմ ձայնս բարձրացնել հաշվապահության մակարդակով, ինձ ասել են՝ օրենքով է դա։ Մենք երբեք հաստատ չենք իմացել հստակ աշխատավարձի թիվը», -ասել է կինը։ Նա նշել է, որ երբեմն 25 հազար քիչ աշխատավարձ են ստացել։
Ավելի ուշ տնօրեն Սամվել Սարգսյանը ասել է, որ ակնաբույժն իրենց ամենակոնֆլիկտային աշխատողն է։ Իսկ ինչ վերաբերվում է 10 տոկոս պահումներին՝ դա կատարվում է օրենքով․ «Ո՞նց կարող է աշխատակիցներից գումար պահվի կոմունալների համար, իհարկե, ոչ»։
«Չափորոշիչով մեզ թույլատրված է, բոլոր կազմակերպություններում դա կիրառվում է, որ ֆինանսատնտեսական վիճակի կանոնակարգման, բազմաթիվ ուղղություններով ծախսերի կատարման համար, ընկերության տնօրինությունն իրավունք ունի որոշակի նվազեցումներ անել։ Մեզ մոտ դա արվում է 4-5 ամսվա կտրվածքով։ Հիմնականում՝ ձմեռային սեզոնին», -ասել է նա։
Ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը նշել է, որ իրենց հասած տեղեկությունների համաձայն, արձակուրդի համար աշխատակիցները պետք է տնօրենի մոտ մտնեն կոնյակով․ «Ամռանը կոնյակի աստղերը ավելի են բարձրանում»։
Սարգսյանը դա կրկին հերքել է․ «Մեզ մոտ չկան այդպիսի արատավոր երեևույթներ։ Ասողները ստում են»։
Ավագանու անդամ «Ելք» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը բարձրաձայնել է, որ պոլիկլինիկայում տիրում է վախի մթնոլորտ։ Աշխատողներն ամեն ամսվա վերջում դրամարկղի միջոցով «նալոգներ» են վճարել տնօրենին։
Խաժակյանը նշել է, որ իրենք տեղեկություններ ունեն նաև, որ պոլիկլինիկայի մամոգրաֆիայի սարքը երբեք չի աշխատել, սակայն ամսվա վերջին 10 հազարական դրամի կտրոններ են տպվել։
Նա ասել է, որ պատրաստվում են հաղորդում ներկայացնել հանցագործության մասին։
Դեռևս այս տարվա հունվարին News.am կայքն անդրադարձել էր պոլիկլինիկայի աշխատակցների բողոքներին։ Նրանք ասել էին, որ պոլիկլինիկայի տնօրեն Սամվել Սարգսյանը պնդում է, թե պահումների պատճառը տարվա ընթացքում աշխատակիցների կողմից աշխատանքում թույլ տված սխալներն են, ինչի հետևանքով հաստատությանը զգալի նյութական վնաս է հասցվել:
Նշենք, որ թիվ 16 պոլիկլինիկայում բժիշկները նույնպես բողոքել էին ՀՀԿ-ական տնօրեն Մարինա Ստեփանյանի կողմից կատարված անօրինությունների դեմ։ Նրանց բողոքից հետո տնօրենը հեռացվել է։
Ալետա Հակոբյան