Կառավարության կողմից ներդրումային ծրագրերի շրջանակներում ԱԱՀ-ի գումարների վճարման համար արտոնություն ստացած 8 տնտեսվարող սուբյեկտ 2012 թվականի հունվարի 1-ից մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում շուրջ 1,966 միլիարդ դրամի ԱԱՀ գծով չկատարված պարտավորություն ունի։ Այս մասին ասված է ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։ Ընկերության անունները չեն նշվում։
«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6.1-ին հոդվածի 1-ին մասով ներդրումային ծրագրերի շրջանակներում ԱԱՀ-ի գումարների վճարումը Կառավարության համապատասխան որոշումների արդյունքում երեք տարի ժամկետով հետաձգելու արտոնությունը կազմել է շուրջ 27 մլրդ ՀՀ դրամ:
Նշված 8 տնտեսվարող սուբյեկտներից 3-ը ճանաչվել են սնանկ (պարտավորության չափը շուրջ 893,2 միլիոն դրամ): Դրանցից 1 դեպքում սնանկության գործընթացում վաճառված գույքից միջոցներն անցել են ապահովված պարտատերերին, և ներկա դրությամբ ԱԱՀ պարտավորությունը մարելու համար տնտեսվարող սուբյեկտը գույք չունի (պարտավորության չափը 148 միլիոն դրամ): 3-ի դեպքում ԴԱՀԿ ծառայությունում հարուցվել են կատարողական վարույթներ (պարտավորության չափը շուրջ 237,9 միլիոն դրամ): Իսկ 2 տնտեսվարող սուբյեկտի դեպքում ԱԱՀ գծով պարտավորության գանձման ուղղությամբ միջոցներ չեն ձեռնարկվել հետագա օրենսդրական փոփոխություններով պայմանավորված: Արդյունքում ԱԱՀ վճարման գծով նշված 834,9 միլիոն դրամի չափով պարտավորությունն օրենքի ուժով վերացվել է:
Արտոնության տրամադրման գործընթացում պարզվել է, որ որոշ դեպքերում կազմակերպությունները ներկրել են արտոնության տրամադրմանը վերաբերող՝ ՀՀ կառավարության որոշումներով սահմանված խմբաքանակներից ավել ապրանքներ, կամ օրենսդրական փոփոխությունների արդյունքում տնտեսվարող սուբյեկտների մի մասն ազատվել է միևնույն ապրանքախմբին դասվող ապրանքները ներմուծելու դեպքում առաջացող ԱԱՀ-ից, իսկ մյուս մասը՝ ոչ։