Ադրբեջանցի փաստաբան Էմին Ասլանը, որը մի շարք Ադրբեջանի քաղաքացիների ՄԻԵԴ ուղղված բողոքներ է պատրաստել, հունիսի 4-ին առևանգվել է Բաքվի կենտրոնից։ Նրան անհայտ ուղղությամբ են տարել, «Կավկազկի ուզել»֊ի կայքին ասել է իրավապաշտպան Անար Մամեդլի։ Ասլանը մի քանի օր առաջ էր վերադարձել ԱՄՆ֊ից, որտեղ սովորում էր Սիրաքյուզի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։
«Ասլանը քաղաքի կենտրոնում իր ծանոթի հետ է եղել։ Նրան մոտեցել է քաղաքացիական հագուստով երեք մարդ։ Հարցրել են՝ արդյոք նա Էմինն է։ Ապա խնդրել են կողք կանգնել, որից հետո նստեցրել են պետական համարներով Mercedes մակնիշի ավտոմեքենա ու տարել անհայտ ուղղությամբ։ Քաղաքացիական հագուստով մարդիկ չեն ներկայացել» ֊ ասել է Մամեդլին։
Ասլանի բարեկամները դեպքի մասին անմիջապես զանգահարել են ոստիկանության թեժ գիծ։
«Թեժ գծից տեղեկատվությունը փոխանցել են ոստիկանության բաժին։ Այնտեղ հետաքննություն էր սկսվել։ Մինչև կեսգիշեր ոստիկանությունից չեն հայտնել Էմինի գտնվելու վայրի մասին։ Նրան տարել էին մարդաշատ տեղից, որտեղ բազմաթիվ տեսախցիկներ են տեղադրված։ Ականատեսները հասցրել են գրանցել մեքենայի համարը։ Ուրեմն ոստիկանության համար խնդիր չէր հստակեցնել իրավիճակը», ֊ ասել է Մամեդլի։
Նա նաև նշել է, որ Ասլանը ՄԻԵԴ ուղարկվող գործերն էր պատրաստվում, քաղաքացիական ակտիվություն էր դրսևորում, քննադատում էր իշխանություններին։