Քաղաքացի Սարկիս Զաքարյանն իր նախկին կնոջը՝ Լուիզա Մելքոնյանին, համոզել է ոստիկանությունից հետ վերցնել ծեծի մասին հաղորդումը, սակայն այժմ, կեղծիքի դիմելով, փորձում է խուսափել իրենց միջև կնքած նախապայման համաձայնագրի պահանջների կատարումից։
Մելքոնյանը Epress.am-ին պատմել է, որ Ոստիկանության Աբովյանի բաժնում երկու քննիչների ներկայությամբ իր ամուսինը համաձայնել է ստորագրել համաձայնագիր, որը վերաբերել է համատեղ գույքը կիսելուն։ Ամուսիններն ունեցել են անասնաֆերմա և 17 գլուխ խոշոր եղջերավոր անասուն։ Անասունները վաճառվել են, գումարը՝ կիսվել։ Սակայն անասնաֆերման կիսել ամուսինը հրաժարվել է՝ պատճառաբանելով, թե համաձայնագրի երկրորդ էջի վրա չկա Մելքոնյանի ստորագրությունը։
Նախկին ամուսնու հետ ունեցվածքի շուրջը վեճը լուծելու համար Լուիզա Մելքոնյանը դիմել է դատարան։ Առաջին ատյանի դատարանը կնոջ հայցը բավարարել է և պարտավորեցրել Սարկիս Զաքարյանին փոխատուցել անասնաֆերմայի արժեքի կեսը՝ 25.000 ԱՄՆ դոլար։ Վճիռը կայացվել է 2018 թվականի հունվարի 11-ին և դրա պատճենները դատարանի դահլիճում հանձնվել են երկու կողմին։ Դատարանի վճիռը պետք է կատարվեր մեկ ամսվա ընթացքում, կամ բողոքարկվեր՝ նույն ժամկետում։
Ըստ Լուիզա Մելքոնյանի՝ նախկին ամուսինը դիմել է կեղծիքի, համագործակցելով «Հայփոստի» աշխատողների հետ և վերաքննիչ բողոք ուղարկել ժամկետից 4 օր ուշացումով՝ փետրվարի 16-ին, կեղծելով ծրարի վրա կնիքի ամսաթիվը։ Վերաքննիչ դատարանը դիմումը, այնուամենայնիվ, ընդունել էր վարույթ և վճիռ կայացրել՝ Լուիզա Մելքոնյանի դեմ։
Մելքոնյանը երեկ դիմել է Տրանսպորտի, Կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանին, պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին։
Մինչ դա, Մելքոնյանն ու նրա պաշտպանը՝ Հարություն Բաղդասարյանը, դիմել էին «Հայփոստ» ՓԲԸ֊ի գլխավոր տնօրեն Հայկ Ավագյանին․ «Օրինական է արդյոք փետրվարի 12-ին ստացված առաքանու նավարումը (շտրիխ կոդ) փետրվարի 16-ին։ Եթե հաճախորդից ապրանքը ստացվել է և կնիքը դրվել է փետրվարի 12-ին, ինչո՞ւ է ծրագիրը ստացման օր նշում փետրվարի 16-ը»։
«Հայկ Ավագյանը պատասխանել է խնդրին որևէ կերպ չվերաբերող տեղեկություն տալով, թե օրենքը ուշացման համար սահմանում է ծառայության դիմաց վճարի 3 տոկոսի չափով տուգանք՝ չառաքված յուրաքանչյուր օրվա համար։ Իրականում, ուշացում չի տեղի ունեցել, այլ կեղծիք։ «Շտրիխ կոդը» և կնիքը չեն համապատասխանում իրար․ ինչը տեխնիկապես լինել չի կարող։ Դա անփույթ կեղծիքի հետևանք է եղել»,֊ ասել է Լուիզա Մելքոնյանը։