Home / Մեդիա / Լուսինե Թալալյանի ինտերվենցիայի հետքերով․ Ձեզ պետք է արվեստի գործը, բայց ոչ արվեստագետը

Լուսինե Թալալյանի ինտերվենցիայի հետքերով․ Ձեզ պետք է արվեստի գործը, բայց ոչ արվեստագետը

2017 թվականին արվեստագետ Լուսինե Թալալյանը Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաք էր մեկնել՝ գերմանական «Das Frauenkulturburo Կանայք և Արվեստը» կազմակերպության հրավերով մասնակցելու Հայաստանից, Վրաստանից և Գերմանիայից կին արվեստագետների փոխանակման ծրագրի։ Իր ռեզիդենցիայի ընթացքում Թալալյանը փորձել է խանութից մի զույգ կոշիկ գողանալ։ Նրան կանգնեցրել են խանութի անվտանգության աշխատակիցները և ոստիկանություն կանչել։ Ոստիկանները Լուսինեին ձերբակալալ են, վերցրել 400 եվրո որպես գրավ և կապվել նրան հրավիրած կազմակերպության հետ։ Թեև Թալալյանին գրավի դիմաց ազատել են, կազմակերությունը նրան հետ է ուղարկել Հայաստան՝ ծրագրի ավարտից 10 օր շուտ։ Լուսինեի համար ինքնաթիռի նոր տոմս են գնել և նրան տարել օդանավակայան՝ ներողություն խնդրելով, որ պարտավոր են դա անել։ Կազմակերպության աշխատակիցները բացատրել են, որ անձամբ իրենք խնդիր չեն տեսնում Թալալյանի արարքի մեջ, սակայն ստիված են նրան հետ ուղարկել, քանի որ ներկայացնում են  «պաշտոնական կազմակերպության»։

Հունիսի 2֊ին «Das Frauenkulturburo Կանայք և Արվեստը» կազմակերպությունը ցուցահանդես է կազմակերպել Երևանում ու Թալալյանին մասնակցելու հրավեր ուղարկել դրան։ Թալալյանը հրավերին չի պատասխանել։ Փոխարենը նա որոշել է պատասխանել ինտերվենցիայով։ Նա վերանորոգել է իր կոշիկների մի հին զույգ, վրան կոճակներ ամրացրել և գնապիտակ՝ 400 եվրո։ Թալալյանը, Թամար Շիրինյանի հետ միասին, նամակ է գրել՝ ի պատասխան կազմակերպությունից և մասնակից այլ արվեստագետներից այս ընթացքում ստացած մեկնաբանությունների։ Ցուցահանդեսի բացման ելույթների ժամանակ արվեստագետը նամակն ու կոշիկները տուփով դրել է ելույթ ունեցողների առջև։ Մելինե Տեր֊Մինասյանը զուգահեռ պերֆորմանս է արել՝ խաղալով «Մադամ Շենգենի» դերը՝ խիստ, կարգապահ և գերբարոյական ուսուցիչ, որը պատժում կամ պարգևատրում է աշակերտներին՝ տալով նրանց կամ վերոհիշյալ նամակը, կամ կոնֆետներ։

Ինտերվենցիայի տեսանյութը և նամակի բովանդակությունը՝ ստորև։

Հարգելի X,

Շնորհակալ եմ, որ ներողություն խնդրեցիք։ Պիտի որ ինձ շոյված զգամ, քանի որ ձեր ներողությունը, ինչպեսև նրանցը, ում անունից խոսում եք, վերևից է գալիս։

Ձեզ էլ,  ինչպես նրանց, ում անունից խոսում եք, պետք է արվեստի գործը, ոչ թե արվեստագետը։

Կուզեի վերծանել ձեր խոսքերը՝ վերացնելու համար այն հարմարավետությունը, որով խոսում եք։ Ինձ հեռացնելն արդար էր։ Ես պետք է ըմբռնումով մոտենամ։ Եկեք, սակայն, մի պահ մոռանանք ձեր քայլի արդար լինելն ու փորձենք հասկանալ իմ՝ մի զույգ կոշիկ «գողանալը»։

Սա մի գործողություն է, որը բարոյական իմաստներ է ձեռք բերում, երբ կապվում է բյուրոկրատական համակարգերի հետ, որոնք ունեն կյանքը դատելու իշխանություն։ Սա մի գործողություն է, որը բարոյական իմաստներ է ձեռք բերում, երբ գույքն ավելի արժեքավոր է, քան մարդկային կյանքը, երբ հիմնադրամներն ավելի կարևոր են, քան անհատները։ Անունը դրել են «գողություն», այդպես էլ դարձել է։ Բայց իմացեք, սա նաև մի գործողություն էր համաշխարհային այնպիսի համատեքստում, որում ձեր երկիրը գտնվում է գողության մշտական հարաբերության մեջ, որը դուք գողություն, բնականաբար, չեք անվանում, այլ բիզնես՝ այլ պետության հետ, այն պետության, ուր դուք ինձ հետ ուղարկեցիք։ Դուք ներողություն եք խնդրում դատապարտող համակարգի համար, բայց դատավճիռը ձերն էր։

Վտարում։ Դուք ուզում եք արվեստի գործը, բայց ոչ՝ արվեստագետին։

Հուսով եք՝ ես ըմբռնումով կմոտենամ։ Ստիպված էիք անել մի բան, որ շատ կուզեիք ստիպված չլինել անել։ Պատասխանատու եք ձեզնից բարձր պաշտոնյաների։

Դուք անձամբ արարքիս հետ խնդիր չունեք։ Ընդհանրապես ոչ մի խնդիր, ինչպես ինքներդ եք բացատրում։ Բայց հենց դուք էիք, որ անհրաժեշտ համարեցիք վտարել ինձ։ Ո՞ւմ կամքից է բխում ներողությունը։ Պետական բռնությունը հաճախ իրականացնում են նրանք, ովքեր բռնանալու ցանկություն բոլորովին չունեին, այդպես չէ՞։

Ձեզ պետք է արվեստի գործը, բայց ոչ՝ արվեստագետը։ Հարցնում եք՝ «Իսկ լուսանկարներ ունե՞ս», երբ առաջարկում եմ, որ գուցե իմ գործողությունն էությամբ պերֆորմանս էր։ Կարծես գործողությունն առանց արտադրանքի գործողություն չէ։ «Կին արվեստագետների» սիրուն ցուցադրություն չէ։ (Այստեղ արժե հարցնել՝ իսկ ի՞նչ է կին արվեստագետը, եթե ոչ այլ ինչ, քան հայրիշխանության մեղքի զգացումի մեղմացում)։

Իմ առանց արտադրանքի գործողությունը բարեհաճ մի հայտարարություն չէր մի պետության բարեհոգության մասին նրանց նկատմամբ, ումից նա գողանում է։ Իմ գործողությունը թեթևության հոգոց չէր։ Իմ գործողությունը նշան չէր առ այն, որ ինձ տրվել էր խոսելու թույլատրություն. «դե խոսե՛ք, խոսելու այլ հնարավորություն չունեցողներ, խոսե՛ք»։

Խոսե՛ք, ու մենք կլսենք ձեր ասելիքը [եթե այն մասին է, թե որքան մեծարելի է, որ այժմ դուք կարող եք խոսել, խոսել ձեր մարդու իրավունքներից, ձեր ազատագրումից, ձեր վերջերս տեղի ունեցած լուսավորումից]։ Սովորեցրե՛ք մեզ ձեր մշակույթի մասին, սովորեցրեք, թե ինչ բան է՝ կին լինելը։ Կարևոր է, որ դա (նույնպես) ներկա լինի։ Խոսե՛ք, բայց, խնդրում ենք, ներկա մի եղեք։ Եթե ձեր ուզածն արտադրանքն էր (այլ ոչ թե ես), ուրեմն ահա՛ իմ արտադրանքը։

Գողությո՛ւն, այո։ Բայց գողությունը, վերջիվերջո, գործողություն է։

Ձեզ պետք էր հայ կնոջ ձայն, սակայն առանց այդ կանացիության այնպիսի բովանդակության, որը ուժ է կամ աշխարհի համար անհարմարություն (քաղաքական), առանց Հայաստանի, որը սահմաններ ունեցող մի վայր է, ուր դուք ինձ վտարեցիք, բայց որի ողջ տարածքով դուք շարժվում ու գործում եք ազատորեն (աշխարհաքաղաքական)։ Եվ ահա՛ ես այստեղ եմ, որպես ձեր ցուցադրության առարկա։

Ներողություն եմ խնդրում, որ ձեր կայսրության նվերը չեմ գնահատել իմ գործողությամբ, որը զանցեց ձեր պատկերասրահի պատերի սահմանները։

Սիրով,

Հայ կին

Հ.գ. Վերադարձնում եմ այս մի զույգ կոշիկը ձեզ՝ որպես նվեր, կամ եթե կուզեք՝ կարող եք դրանք ինձնից գնել 400 եվրոյի դիմաց։