«Թերլեմեզյան restart» նախաձեռնող խմբի անդամները գեղարվեստի պետական քոլեջում հայտնաբերել են ապօրինի գործող կահույքի արտադրամաս։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ուսումնական հաստատության նախկին ուսանող Փայլակ Թևանյանը։
Քոլեջի տարածքում առկա արտադրամասի մասին տեղեկատվություն վերջիններս ստացել են նախաձեռնության էջում հայտարարաված հարցման արդյունքում։ «Թերլեմեզյան restart» ֆեյսբուքյան էջում հրապարակվել էր հաղորդագրություն, որում ուսանողներին կոչ էին անում կիսվել ցանկացած կասկածելի տեղեկատվությամբ կամ քոլեջի հետ կապված մտահոգություններով։
«Անանուն հաղորդագրություն էինք ստացել, որ այդտեղ գործում է կահույքի արտադրամաս։ Բացի այդ, 2012 թվականին նախկին տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը նույնպես հայտարարել էր, որ այնտեղ անօրինական գործում է արտադրամաս։ Մենք որոշեցինք գնալ և ստուգել»,֊ ասել է Թևանյանը։
Թերլեմեզյան քոլեջի ներկայիս և նախկին ուսանողներով վերջիններս գնացել են այդ արտադրամասի մոտ, սակայն նրանց առջև դուռը փակված է եղել․ «Փոխտնօրենը մոտեցավ, ասեց, որ տնօրենի կողմից հրահանգ կա հնչեցված, որ այդ դուռը չպետք է բացվի։ Ուսանողներն էլ որոշեցին դռան դիմաց նստացույց սկսել՝ պահանջելով բացել այդ դուռը»։
«Թերլեմեզյան restart» նախաձեռնող խմբի անդամ Արթուր Ավագյանն, Epress.am-ի հետ խոսելիս, նշել է, որ հատկապես կարևոր էր այն հանգամանքը, որ այնտեղ, որտեղ սովորում է ուսանողը, նրա առջև կարող է որևէ դուռ փակվել․ «Դա մեզ համար անընդունելի է։ Ի՞նչ է նշանակում ուսանողի առաջ դուռ փակել և դա հիմնավորել այն փաստով, որ տնօրենն արգելել է։ Մեզ այնտեղ չթողնելու որևէ հիմք չկար։ Սա խախտում է, նրանք խոչընդոտել են մեր ազատ տեղաշարժը։ Եթե իրենք կարող են մտնել, մեզ ինչու՞ չեն թողնում։ Սա իհարկե կասկածի տեղիք է տալիս»։
«Երբ մտանք, տեսանք մեծ արհեստանոց, որտեղ կային մեծ հաստոցներ, տարբեր գործիքներ։ Նրանք մեկնաբանեցին, որ «Թերլեմեզյանի» գույքը, մոլբերտներ իբր այդտեղ են սարքվում։ Բայց «Թերլեմեզյանում» պետք է մտնել և տեսնել, ինչ վիճակ է։ Այդտեղ գույքը չի վերանորոգվում, ջարդված վիճակում է։ Բացի այդ, ներսում հայտնաբերեցինք խոհանոցային կահույք, դեռ չավարտված վիճակում, լամինատից կտորներ, նույն կահույքի ֆակտուրայից։ Տնօրենը դա մեկնաբանեց, որ դա ոչ թե «Թերլեմեզյանում» է պատրաստվել, այլ դա իր ընկերուհու նվերն է, որ բերել դրել են այդ սենյակում», – ասել է ուսանողը։
Epress.am-ը կապվեց նաև քոլեջի տնօրեն Աննա Մնացականյանի հետ, ով բացառեց, որ քոլեջի տարածքում գործում է կահույքի արտադրամաս։ «Քոլեջի նկուղային հարկում պարզապես լաբորատորիաներ են, այդ թվում՝ խեցեգործության, քանդակագործության և վերանորոգվում են մոլբերտներ։ Կահույքի արտադրամաս քոլեջում չի գործում։ Խոհանոցի կահույք կա, որովհետև մենք նախատեսում ենք բացել բուֆետ։ Առաջին հարկում՝ Սևանի փողոցին նայող հատվածում, մուտք ենք բացել, այդտեղ փոքրիկ հատվածում նախատեսում էինք բուֆետ բացել, և այդ կահույքը նախատեսված էր բուֆետի համար։ 9 ամիս շարունակ այդ կահույքը նկուղում դրված է»։
Նախօրեին ուսանողների նստացույցի ընթացքում քոլեջ են ժամանել իրավապահ մարմինները և, արձանագրություն կազմել։ «Իրականացվեց քննություն, զննություն և, երբ պատասխանը լինի, կտեղեկանաք», – հավելեց տնօրենը։