Շրջակա միջավայրի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում հովանավորելը, միաժամանակ Ամուլսարի աղետալի հանքային ծրագիրը ֆինանսավորելը ոչ այլ ինչ է, քան փարիսեցիություն ու երկակի ստանդարտների կիրառում Շվեդիայի կառավարության կողմից։ ՄԱԿ-ի երևանյան գրասենյալում «Առերեսում կլիմայի հետ. Շվեդիայի և Հայաստանի երգիծանկարիչները Ձեզ համար մտորումների առիթ են ստեղծել» խորագրով ցուցահանդեսի բացմանն անհրավեր գնալով այսօր հայտարարել է Հայկական բնապահպանական ճակատ նախաձեռնության անդամ Արփինե Գալֆայանը։
«Շվեդիան անմիջականորեն ֆինանսավորում է Հայաստանում աղետալի հետևանքներ ենթադրող Ամուլսարի հանքի շահագործումը՝ տրամադրելով «Լիդիան Արմենիա» ընկերությանը ավելի քան 50 միլիոն դոլար վարկ, որպեսզի վերջինս շվեդական հանքասարքաշինական ընկերություններից գնի հանքային տեխնիկա։ Հայաստանում սա բարձրաձայնված խնդիր է, շատերս գիտենք ինչ հետևանքներ կունենա Ամուլսարի շահագործումը Հայաստանի բնության և բնակչության առողջության վրա։ Շվեդիայի արտահանումների խթանման գործակալություններինն ուղղված ինտերնետային 8000 ստորագրությամբ հանրագրին մինչ օրս ոչ մի պատասխան չի հնչել», – ասել է բնապահպանը։
Նշենք, որ Շվեդիայի Ձեռնարկատիրության ու նորարարության նախարարության վերահսկողությամբ գործող վարկային պետական կորպորացիան, որի նպատակը շվեդական ապրանքների արտահանման խթանելն է, ֆինանսավորում է Ամուլսարի հանքի շահագործման «Լիդիան Արմենիայի» ծրագիրը՝ պարտավորելով ընկերությանը հանքասարքաշինական տեխնիկա գնել շվեդական արտադրողներից։
Գործարքի մեխանիզմը նույնն է, ինչ դանիական արտահանումների վարկավորման գործակալության (EKF), PensionDanmark մասնավոր կեսնաթոշակային հիմնադրամի գործարքն էր Թեղուտի հանքը ֆինանսավորող ՎՏԲ բանկի հետ։