Home / Բնապահպանություն / Բնապահպանները դուխ են տալիս Փաշինյանին ստախոս «Լիդիանի» դեմ պայքարում

Բնապահպանները դուխ են տալիս Փաշինյանին ստախոս «Լիդիանի» դեմ պայքարում


լուսանկարը արված է Եղեգնաձորում, Ամուլսարի հանքի շահագործման դեմ իրազեկման ակցիայի ժամանակ

Բնապահպանական կազմակերպությունները և մի շարք անհատներ նամակով դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Ամուլսարի հանքավայրի շահագործումը դադարեցնելու և հերթական էկոլոգիական աղետը Հայաստանում կանխելու հարցով։ Դիմումատուները հիշեցնում են, որ հանքի շահագործման անթույլատրելիության մասին 2010 թվականից ի վեր բարձրաձայնել են բազմաթիվ գիտնականներ, էկոլոգներ, իրավաբաններ, սակայն նախորդ կառավարություններն անտեսել են բոլոր մտահոգությունները։

Նամակը վստահեցնում է, որ Հայաստանը կհաղթի միջազգային դատարաններում «Լիդիան» ընկերության դեմ վեճ ունենալու դեպքում՝ հղում անելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին», «Սևանա լճի մասին» Հայաստանի օրենքներին և Ջրային օրենսգրքի դրույթներին, «Ընդերքի մասին» օրենսգիրքին, «Բուսական աշխարհի մասին» օրենքին և «Կենդանական աշխարհի մասին» օրենքին, ինչպես նաև Օրհուսի կոնվենցիայի պահանջների խախտումներին․

«Պարոն Փաշինյան,

Հասկանալով, որ Դուք կարող եք մտավախություն ունենալ, որ Ամուլսարի հանքի հետ կապված աշխատանքները դադարեցնելու և Ընկերության՝ շահագործման թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու դեպքում այն կարող է միջազգային ատյաններում դատի տալ ՀՀ կառավարությանը, ցանկանում ենք հստակեցնել հետևյալը. ընդերքօգտագործման թույլտվություն ստանալու գործընթացում ընկերությունը ներքին ընթացակարգերի այնքան մեծաթիվ կոպիտ սխալներ ու թերացումներ է կատարել, որ եթե անգամ համարձակություն ունենա դատական կարգով բողոքելու ՀՀ կառավարության դեմ, ՀՀ կողմն ունի բոլոր փաստերն այս դատական/արբիտրաժային գործընթացից հաղթող դուրս գալու համար:

Միջազգային փորձագետները գնահատել են Ընկերության բոլոր անգլերեն փաստաթղթերը և վերհանել Ընկերության եզրակացությունների ու հայտարարությունների սխալ լինելը, ինչպես նաև հանքի հնարավոր շահագործման դեպքում առաջանալիք վնասների պարագայում պարտավորությունների բացակայության հարցը։ Լիդիանը պատասխանատու է իր սխալ հայտարարությունների, Հայաստանի կառավարությանը և հանրությանը ապատեղեկացնելու համար։

Առանձին հետաքննության են արժանի այս նախագծի հաստատման գործում առկա հնարավոր կոռուպցիոն դրսևորումները: Մյուս կողմից, պետք է հաշվի առնել նաև, որ տեղաբնակներից շատերը վնասների փոխհատուցման պահանջներ ունեն, որոնք Մարդու իրավունքների եվրոպական դատարան հասնելու դեպքում Հայաստանի Հանրապետությանը կարող են կագնեցնել մեծ գումարներ հատուցելու պարտադրանքի առջև: Ավելին, Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի դեպքում չի կատարվել անդրսահմանային ազդեցության փորձաքննություն, ինչը ՀՀ օրենսդրության և Էսպոյի միջազգային կոնվենցիայի պարտադիր պահանջ է. դա նշանակում է, որ հարևան պետություններ հոսող ջրերի աղտոտման դեպքում այդ երկրների կառավարությունները կարող են վնասների փոխհատուցման պահանջ ներկայացնել Հայաստանի Հանրապետությանը և միջազգային մակարդակով մեծ խնդիրներ ստեղծել:

Ինչ վերաբերում է այն մտավախությանը, որ բնապահպանական հարցերում ՀՀ կառավարության՝ օրինականությունը հաստատելուն ուղղված քայլերը կարող են վանել օտարերկրյա ներդրողներին, վստահ ենք, որ այո՛, Կառավարության նման գործողություններն իրո՛ք կարող են վանել երրորդ աշխարհի շահագործմամբ ու սեփական գերշահույթով շահագրգիռ, երկակի ստանդարտներով գործող, օֆշորներում թաքնված, ստախոս և կոռումպացված անդրազգային մասնավոր ընկերություններին ու կորպորացիաներին: Փոխարենը, հսկայական հնարավորություններ կստեղծվեն կանաչ, կենսակայուն, օրինապահ, թափանցիկ և պատասխանատու միջազգային ու տեղական բիզնեսի համար:

Հայտնում ենք, որ այս նամակին միացած քաղաքացիները, մասնագետները, ՀԿ-ներն ու խմբերը պատրաստակամ են իրենց գիտելիքը, մասնագիտական փորձը, կապերն ու նվիրումը գործի դնելու՝ Ամուլսարի և մյուս բնապահպանական խնդիրները լուծելու գործում ՀՀ Կառավարությանն աջակցելու համար:

Նամակն ամբողջությամբ՝ այստեղ։