Այսօր լրացել է Կառավարության կողմից Ջերմուկի բնակիչների դիմումին պատասխանելու յոթօրյա ժամկետը։ Նրանք նշում են, թե հասկանում են Կառավարության զբաղվածությունը, և այսօր փակել են «Լիդիան» ընկերության գործարանի տարածքի բոլոր մուտքերը, որպեսզի գոնե շինարարական աշխատանքները դադարեցվեն մինչ գործադիրը քայլեր կձեռնարկի։
«Մեր պահանջն այն է, որ անկախ փորձաքննություն արվի և դադարեցվի «Լիդիանի» աշխատանքը Ամուլսարում։ Մինչև փորձաքննությունը մենք խնդրել էինք, որ ընկերությունը դադարեցնի շինարարությունը։ Սակայն իրենք, հակառակը, ավելի մեծ թափով են աշխատել անցյալ շաբաթ։ Հիմա փակել ենք մուտքերը, նույնիսկ ինչ-որ ապրանք են ներկրել Հայաստան, չեն կարողանում մտցնել գործարանի տարածք։ «Լիդիանից» եկան մի քանի հոգի՝ մեզ հետ խոսելու, տեսան, որ համոզելն անիմաստ է, գնացին», – Ամուլսարի ցույցից Epress.am-ին հայտնել է ջերմուկցի Ահարոն Արսենյանը։
10 օր առաջ ջերմուկցիները ստորագրահավաքի տվյալները, համայնքի ավագանու դիմումը և Ամուլսարի հանքի շահագործման բնապահպանական ռիսկերի մասին փորձագետների եզրակացությունը հանձնել էին փոխվարչապետ Տիգրան Ավինյանին։ Վերջինս վստահեցրել էր, որ Ամուլսարի վերաբերյալ անկախ փորձաքննություն կարվի, իսկ այդ ընթացակարգի մասնրամասների մասին խոստացել էր ջերմուկցիներին տեղեկացնել մեկ շաբաթվա ընթացքում։
Ամուլսարի հարցով քննարկում կազմակերպելու առաջարկությամբ Կառավարությանը այսօր դիմել է նաև ԱՄՆ-ում բնակվող քիմիական / բնապահպանական ճարտարագետ Հարութ Բրոնոզյանը։ Նա խնդրում է կազմակերպել քննարկում, որին կմասնակցեն նաև վերջին մեկ տարվա ընթացքում այս ծրագրիրն ուսումնասիրած և բազմաթիվ գիտական վերլուծություններ ներկայացրած միջազգային հանրահայտ չորս փորձագետներից երկուսը։
«Ես հայտնաբերեցի եւ հանձնարարեցի չորս բարձրակարգ, անկախ հանքարդյունաբերության փորձագետների Ավստրալիայից, ԱՄՆ-ից եւ Կանադայից, և խնդրեցի ուսումնասիրել «Լիդիանի» հրապարակած փաստաթղթերը` առաջարկվող հանքի հնարավոր ազդեցությունները գնահատելու նպատակով: 2017 թվականի կեսերից նրանք կազմել են 13 գիտական վերլուծություններ, որոնցում գնահատել են հանքի երկրաքիմիական կազմը, բնական միջավայրի վրա ազդեցության մեղմացման պլանները և հանքի հնարավոր երկարատև ազդեցությունը բնական միջավայրի վրա՝ հաշվի առնելով հանքից դեպի ջրեր ներթափանցող ջրային հոսքերը (դրենաժը)․․․ Կարծում եմ, որ գործողությունների այս ընթացքը կհանգեցնի լուրջ, հավանաբար անվերականգնելի էկոլոգիական վնասի Հայաստանի այս տարածաշրջանին, հատկապես դրա ջրային պաշարներին:
Քանի Հայաստանում ստեղծվել է նոր կառավարություն, շատ կարեւոր է, որ այս ծրագիրը վերանայվի: Հայաստանի կառավարությանը այս վերագնահատման հարցում աջակցելու նպատակով առաջարկում եմ հանդիպել այս հարցի մեջ խորացած երկու խորհրդատուներին՝ դոկտոր Անն Մաեսթին եւ դոկտոր Անդրե Սոբոլովսկիին, և նրանով հնարավորություն տալ ներկայացնել իրենց եզրակացություններն ու առաջարկությունները: Նման հանդիպումը տեղեկատվության ու տեսակետների փոխանակման հնարավորություն կընձեռի, որի արդյունքում Ամուլսարի ծրագրի և բնական միջավայրի պաշտպանության հետ կապված ավելի խորամտորեն մտածված որոշում եւ բնական միջավայրի պահպանության եւ կատարողականի բարելավումը»,֊ գրել է Բրոնոզյանը։