Գեղաքրունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի որդու սպանության գործով դատավարության ընթացքում դատարանի դիմաց այսօր կրակոցներ են հնչել։ Կա մեկ մեկ վիրավոր։
Փաստինֆոն հայտնում է, որ մինչ դատարանի շենք մտնելը բակում, որտեղ եղել է նաև Սևանի ոստիկանության աշխատակիցները, ինչպես նաև բաժնի պետը, և բազմաթիվ այլ անձինք, ամբաստանյալի ազգականները սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել տուժողի իրավահաջորդի հասցեին, հրազենը պահել են նրանց ուղղությամբ:
Դրանից հետո զինվածը կրակել է տուժողի իրավահաջորդի՝ Ռաֆիկ Վանոյի Հակոբյանի վրա, որին տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը:
Սպանված Հայկ Հակոբյանի իրավահաջորդի ներկայացուցիչ փաստաբան Հովսեփ Սարգսյանը հաստատել է կրակոցների մասին տեղեկատվությունը։ Գործով անցնող մեղադրյալը Մեխակ Հարությունյանն է՝ Նորատուսի գյուղապետ Մուրադ Հարությունյանի եղբորորդին:
Ըստ մեղադրանքի, Մեխակ Հարությունյանը ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել և կրել է ռազմամթերք հանդիսացող 48 ատրճանակային փամփուշտներ և գործարանային արտադրության մարտական ակոսափող հրազեն հանդիսացող 9մմ տրամաչափի ԻԲ 6528 համարի Մակարով տեսակի ատրճանակ, որից արձակված 7 կրակոցներով 2017թ. հունվարի 7-ին՝ ժամը 12.20-ի սահմաններում սպանել է Հայկ Անդրանիկի Հակոբյանին:
Կայքը գրում է, որ այս գործով քրեական զարգացումներ են եղել նաեւ նախաքննության փուլում. սպանության փորձ է տեղի ունեցել «Արմավիր» ՔԿՀ-ում պահվող Մխիթար Հարությունյանի նկատմամբ։ Այդ դեպքի առթիվ հարուցվել է առանձին քրեական գործ։