Կառավարությունը դադարեցրել է ՀՀԿ֊ական պատգամավոր, նախկին դատախազ Գևորգ Կոստանյանի լիազորությունները՝ որպես Հայաստանի ներկայացուցիչ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Վերջինս ՄԻԵԴ֊ում Հայաստանը ներկայացրել է 2004 թվականից։ Որոշվել է ՄԻԵԴ֊ում Հայաստանի Կառավարության ժամանակավոր ներկայացուցիչ նշանակել Արդարադատության նախարարի տեղակալ Արտակ Ասատրյանին, որը մինչ այս եղել է ՄԻԵԴ֊ում Հայաստանի ներկայացուցչի տեղակալը։
Կառավարության այսօրվա նիստի ժամանակ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն նշել է, որ սա ժամանակավոր լուծում է․ «Ես կարծում եմ, որ այս հարաբերությունները կարգավորելու համար մենք կարիք կունենանք նոր օրենքի ընդունման։ Նախագծում, որն այս պահին մշակվում է, նախատեսվում է, որ [ՄԻԵԴ֊ում] ներկայացուցչի վերաբերյալ որոշում կկայացնի Հայաստանի վարչապետը», ֊ ասել է Զեյնալյանը։
Հրաժարականի իր դիմումում Կոստանյանը նշել է, որ «Հայաստանում փոխվել է կառավարությունը, ինչի արդյունքում բնականորեն փոխվել է, կամ կարող է փոխվել կառավարության դիրքորոշումը Եվրոպական դատարանում այս պահին քննվող կամ քննվելիք գործերի մեծամասնության դեպքում: Այս պայմաններում անպատակահարմար եմ համարում իմ պաշտոնավարման շարունակումը որպես Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ եվրոպական դատարանում»։
Իր հայտարարության մեջ նա նաև նշել է, որ 2018 թվականի հունիսի 14-ի դրությամբ ՄԻԵԴ-ը Հայաստանի վերաբերյալ կայացրել է 93 վճիռ՝ 88 վարույթներով: ՄԻԵԴ֊ի որոշումներով Հայաստանի դատարանների խախտումների համար պետբյուջեից տուժածներին փոխհատուցվել է 1,158,290 եվրո։
Հիշեցնենք, որ ՄԻԵԴ֊ի վիճակագրության համաձայն, Հայաստանի դեմ վճռիներում ամենաշատը արձանագրված երեք խախտումներն են․ Արդար դատաքննության, Ազատության և անձնական անձեռնմխելիության և Սեփականության իրավունքի ոտնահարումները։
Այլ հաճախ հանդիպող խախտումներ են․ խոշտանգումով ստացված ապացույցի օգտագործում, կալանք խափանման միջոցի չարաշահում, վարոյական վնասի համար փոխհատուցում ստանալու հնարավորությունից զրկում, այլընտրանքային զինվորական ծառայություն ընտրելու իրավունքի սահմանափակում։