«Անընդունելի է, որ քրեածին տարրերը պղծեն սիրո եւ համերաշխության հեղափոխության խորհրդանիշները և հեղափոխության անունը օգտագործեն մաֆիոզ պատերազմներում: Թույլ չենք տա», – այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ առանց մանրամասնելու, թե ինչի մասին է խոսքը։։
Հիշեցնենք, որ երեկ բազմահազարանոց հանրահավաք էր տեղի ունեցել Էջմիածին քաղաքում։ Հանրահավաքի մասնակիցները պահանջում էին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, տեղացի մեծահարուստ Մանվել Գրիգորյանի որդի՝ քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականը։
Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Էջմիածնում տեղի ունեցած հանրահավաքի ոչ ֆորմալ կազմակերպիչներից էր Իտալիայում բնակվող, քրեական հեղինակություն համարվող էջմիածինցի Դոն Պիպոն՝ Արթուր Ասատրյանը: Հանրահավաքին վերջին նույնպես ներկա էր։ Լրագրողների այն հարցին, թե ինքը ներկա է հանրահավաքին, քանի որ խնդիրներ ունի Գրիգորյանների հետ, նա հերքել է։
Սակայն տարիներ շարունակ մամուլում լուրեր են շրջանառվում, որ Գրիգորյանների կլանը և Դոն Պիպոն լարված հարաբերություններ ունեն իրար հետ։ Եվ վերջինիս՝ Էջմիածնից հեռանալու պատճառն այն է եղել, որ Մանվել Գրիգորյանի հետ ինչ-որ տարաձայնություններ են եղել։
Նշենք, որ ավելի վաղ՝ մայիս ամսին, Դոն Պիպոն լրագրողների հետ զրույցում նշել էր, որ ողջունում է հեղափոխությունը և Նիկոլ Փաշինյանին. «Ունենք մի շարք պլաններ՝ քաղաքի բարգավաճման հետ կապված։ Քաղաքն ունի պրոբլեմներ մի փոքր, որի հետ կապված էջմածինցիների խնդրանքով եկել եմ։ Առանց որևէ կոնֆլիկտի եմ ուզում լինի այդ հարցերի լուծումը»: