Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար, 6 տարի ազատազրկման դատապարտված Սամվել Բաբայանի խափանման միջոցն այսօր Վճռաբեկ դատարանը փոխել է՝ բեկանելով Վերաքննիչ դատարանի որոշումը։ Գործը ուղարկվել է նոր քննության:
Դատարանի որոշմամբ ազատ են արձակվել նաև գործով անցնող ամբաստանյալներ Սանասար Գաբրիելյանն ու Արմեն Պողոսյանը:
Ավելի վաղ Ազգային ժողովի «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունների 11 պատգամավորներ հանդես էին եկել Սամվել Բաբայանի և Սանասար Գաբրիելյանի կալանքը, որպես խափանման միջոցը փոխելու անձնական երաշխավորությամբ։
Հիշեցնենք, առաջին ատյանի դատարանը Բաբայանին մեղավոր է ճանաչել, որ նա դրդել է մի խումբ անձանց ձեռք բերել, փոխադրել և պահել ապօրինի ռազմամթերք՝ «Իգլա» զենիթահրթիռային համալիրը։ Փոխարկման արդյունքում ձեռք էին բերվել նաև հանցավոր ճանապարհով ստացված եվրո թղթադրամներ:
Նշենք, որ Բաբայանը 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններում սատարում էր Օսկանյան-Րաֆֆի-Օհանյան (ՕՐՕ) դաշինքին։ Դաշինքի առաջնորդներից նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ձերբակալումից հետո լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Բաբայանի ձերբակալությունը կարող է պայմանավորված լինել դաշինքի նկատմամբ իրականացվող վերջին գործողություններով։