Կարևորելով հանրության աջակցությունն ու ակտիվ ներգրավվածությունը Երևանում 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցած դեպքերի բոլոր հանգամանքների, այդ թվում` 10 անձանց սպանությունների ամբողջական բացահայտման գործում` խնդրում ենք ՀՀ քաղաքացիներին նշված դեպքերի վերաբերյալ որևէ արժեքավոր տեղեկատվություն, այդ թվում` տեսանյութեր, լուսանկարներ, փաստաթղթեր ունենալու դեպքում դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայություն։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՔԾ-ն։
Միաժամանակ նշվում է, որ անհրաժեշտության դեպքում պաշտպանության միջոցներ կկիրառվեն բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր վերը նշված դեպքերի կապակցությամբ կարող են հայտնել հանցագործությունները բացահայտելու և դրանք կատարողներին հայտնաբերելու վերաբերյալ նշանակություն ունեցող տվյալներ:
Մասնավորապես, միջոցներ կձեռնարկվեն քրեական դատավարությանը մասնակցող անձանց ինքնությունը հաստատող տվյալների պաշտպանության, նրանց վերաբերյալ տեղեկությունների սահմանափակման, ինչպես նաև իրավապահ մարմինների հետ համագործակցության միջոցով վերջիններիս անվտանգության ապահովման ուղղությամբ: