Երևանում գործող SASSTEX կարի ֆաբրիկայի աշխատակիցներն այսօր գործադուլ են սկսել՝ բողոքելով աշխատավարձների նվազման դեմ։ Epress.am֊ի լրագրողը գնացել է ֆաբրիկա, որտեղ գործարանի տնօրենի որդին թույլ չի տվել նրան ներս մտնել։ Աշխատակիցները հավաքվել են ֆաբրիկայի ճաշարանում, նրանց ձեռքից վերցրել են բջջային հեռախոսները, որպեսզի չկարողանան կապվել լրագրողի հետ։
Գործադուլավորների հիմնական մտահոգությունն այն է, որ գործարանը նոր պատվերներ է ստացել, որոնց դիմաց վարձատրությունը շատ ցածր է։
«Մենք պայմանագրային աշխատողներ ենք, աշխատավարձ ստանում են՝ ըստ կարած մոդելների թվի։ Այս նոր մոդելները շատ էժան են։ Մեր ամսական աշխատավարձը 35 հազար է կազմում, և տնօրենն ասում է, որ իր գրպանից է դնում, որ նվազագույն աշխատավարձի հասնի»,֊ Epress.am֊ին ասել է դերձակներից մեկը։
Տնօրեն Քրիստիան Գելիչին գործադուլավորներին ասել է՝ ուզում եք Նիկոլ Փաշինյանին զանգեք, աշխատավարձը չի փոխվելու։
«Մեզ ասում է, որ եկել եմ [Շվեյցարիայից], ներդրում եմ արել, մաքսայինին շատ եմ փող տալիս, հարկայինին, ես եկամուտ չեմ ստանում։ Նա ֆաբրիկա ունի նաև Հոլանդիայում, իրան պետք չէր ստեղ գալ, մենք իրեն չենք մեղադրում։ Ավտոբուսներով մարդիկ է բերում Չարենցավանից։ Չարենցավանում լիքը լքված գործարան կա, ինչու պետությունը դա չի աշխատացնում, որ մենք էս ցածր աշխատավարձի հույսին ենք։ Բացի աշխատավարձից, ամեն ինչից գոհ ենք․ մթնոլորտը լավն է, պայմանները լավը, ստեղ «Գլորիայի» պես չի»,֊ ասել է մեկ այլ դերձակ։
Տնօրենի որդին հորդորել է անվտանգության աշխատակցին հեռացնել Epress.am-ի լրագրողին տարածքից։ Անվտանգության աշխատակիցը քաշքշել է լրագրողի ձեռքերից։ Ի վերջո, տնօրենի որդին մոտեցել է մեր լրագրողին և խոստացել, որ տնօրենը հարցազրույց կտա, բայց ոչ այսօր, քանի որ գործարանում արտասահմանցի հյուրեր կան։
Նա ասել է, որ ստացել են նոր գերմանական սարքավորումներ և դերձակները դժվարանում են կարել։ Դերձակները հերքել են դա։