Home / Մարզեր / Ում էր պատկանում Էջմիածինը

Ում էր պատկանում Էջմիածինը

Հայաստանի հելսինկյան կոմիտեն 2006 թվականի սեպետմբերին Էջմիածնում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ հետազոտություն է արել, որն այսօր inknagir.org հանդեսում հրապարակել է լրագրող, հրապարակախոս Վահան Իշխանյանը։

«Մանվել Գրիգորյանին ձերբակալելու հետ կապված, ինքնագիրը կարևոր համարեց հրատարակել այս հատվածը, հուսով, որ կբացվեն նաև այս դեպքերի հետ կապված քրեական գործեր», ֊ գրում է Իշխանյանը։

«Ու՞մ է պատկանում Էջմիածինը» հարցն ունի պատասխան սահմանադրության մեջ. այն պատկանում է ժողովրդին։ Սակայն իրականում քաղաքը պատկանում է մի մարդու՝ գեներալ Մանվել Գրիգորյանին և ոչ էջմիածնեցիների կամքով։ Հելսինկյան կոմիտեի հարցումներով 117 հարցվածներից 116-ը ասում է, որ Էջմիածնում օրենքից բարձր մարդիկ կան։ Հարցվածները տվել են մեկից երեք հոգու անուն, որոնցից առաջին եռյակը գլխավորում են գեներալ Մանվել Գրիգորյանը 89-ը, գեներալ Սեյրան Սարոյանը՝45, և պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ)՝ 21 (քանի որ հարցվածները մեկից-երեք հոգու անուն են տվել, հետևաբար ձայները ավելին են քան հարցվածների քանակը)։

Էջմիածնի իշխանության ակնարկ

Ժամանակին մի տեսաերիզ էր շրջում հանրապետությունում, որտեղ խնջույք էր անում հանրապետության ուժային վերնախավը։ Խնջույքը գեներալ Մանվել Գրիգորյանի Արշալույս գյուղում գտնվող տանն էր։ Նրանք տոնում էին 1996 թվականին նախագահական ընտրություններում ժողովրդի կամքը ճնշելով իշխանությունը պահելու հաղթանակը։ Ընտրություններում հաղթել էր ընդդիմության առաջնորդ Վազգեն Մանուկյանը, սակայն, ուժային նախարարների գործուն աջակցությամբ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նախագահի պաշտոնը չզիջեց ընտրված թեկնածուին, իսկ ուժայինները իրենց համախոհների հետ, որոնց մեջ նաև գեներալ Գրիգորյանն էր, կրակոցներով ու մահակներով ճնշեցին ժողովրդի ապստամբությունը։ Խնջույքի տեսաերիզում պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը Մանվել Գրիգորյանին զենք է նվիրում և ասում, որ նա Անդրանիկ զորավարից պակաս չի։

Իրականում պաշտպանության նախարարը նվիրում էր Գրիգորյանին Էջմիածին քաղաքը, իրեն նվիրվածության և սեպտեմբերի 26-ի ճնշումներին մասնակցելու համար։

Այդ նվերի՝ քաղաքի դիմադրությունը գեներալը կոտրեց ու մինչև վերջ տիրացավ նրան հետագա 10 տարվա ընթացքում։

1998 թ. նախագահական արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ Ռոբերտ Քոչարյանի օգտին քարոզչություն անելու նպատակով Վազգեն Սարգսյանը Էջմիածնի բնակիչների հետ հանդիպում ունեցավ, որի ժամանակ բնակիչները անհանգստություն հայտնեցին գեներալների և, մասնավորապես, գեներալ Մանվել Գրիգորյանի անօրինականությունների և ոտնձգությունների վերաբերյալ։ Սարգսյանը պաշտպանեց Մանվել Գրիգորյանի շահերը՝ հասկացնել տալով էջմիածինցիներին`իզուր չաղմկել. «Որ Մանվելը կռվում էր, դուք ձեր տներում էիք, չէ՞…է, թող մի շուկա, մի խանութ էլ ավել ունենա, ի՞նչ է եղել, որ…»…

…1988-1993 թթ., Էջմիածնի ջոկատում կռվել է 960 կամավոր, տվել է չորս գեներալ`Մանվել Գրիգորյան, Սեյրան Սարոյան, Գագիկ Մելքոնյան, Լյովա Երանոսյան։ «Նրանցից շատերը գյուղացի տղաներ էին, որոնցից ոմանք հետագայում դարձան թալանչիներ», – ասում է մի մանկավարժ, ով չուզեց անունը հրապարակել։

Այսուհանդերձ Էջմիածնի միանձնյա տնօրենը Մանվել Գրիգորյանն է։ Մյուս գեներալները չեն խառնվում քաղաքի ղեկավարմանը։

Մանվել Գրիգորյանին հռչակ բերեց Արցախյան պատերազմը, որից առաջ նա գյուղացի հասարակ մի տղա էր, ԿԱՄԱԶ-ի վարորդ, ով երբեմն-երբեմն զբաղվում էր նաև ծիծակի առևտրով: Երկու անգամ քրեական հանցագործության համար դատապարտվել է ազատազրկման, որի մասին այսօր արգելված է խոսել:

1988-ից մասնակցել է Արցախյան պատերազմին: 1992թ. ընդգրկվել է Հայաստանի զինված ուժերի շարքերը և նշանակվել առանձին մոտոհրաձգային գումարտակի հրամանատար: 1996 թ ՀՀ նախագահ Լևոն Տեր֊Պետրոսյանի հրամանագրով ստացել է գեներալ-մայորի կոչում: 1999 թ. ընտրվել է ԵԿՄ վարչության նախագահ: 2000 թվականին նշանակվեց պաշտպանության փոխնախարար և ստացավ գեներալ-լեյտենանտի կոչում:

Այսուհանդերձ դեռևս գեներալ Գրիգորյանը մինչև 2005 թիվը լիարժեք իշխանություն չուներ Էջմիածնի վրա։ 1996-2002 թվերին քաղաքապետ Երվանդ Աղվանյանը կարողանում էր դիմադրել նրա ցանկություններին, հակամարտության մեջ էր գեներալների հետ, չէր ենթարկվում նրանց պահանջներին և չէր հատկացնում նրանց որևէ տարածք։

2002 թվականին Աղվանյանը չկարողացավ վերընտրվել, և վարչապետ Անդրանիկ Մարգարյանը քաղաքապետի պաշտոնին անցկացրեց իր մարդուն Հանրապետական կուսակցության անդամ, 2000-2002թթ կառավարության գործերի կառավարիչ, Հրաչիկ Աբգարյանին։ Այդ ժամանակ էլ գեներալ Գրիգորյանը իր ծննդավայր Արշալույսից տեղափոխվում է բնակության Էջմիածին։ Նոր քաղաքապետը սկսեց բավարարել գեներալի ախորժակը և դարձավ նրա պատանդը։

2004 թվականի հոկտեմբերի 22-ին «Ազգ» օրաթերթը հրապարակում է հարցազրույց Հրաչիկ Աբգարյանի հետ «Վաղարշապատում ժողովուրդը կրակն է ընկել» վերնագրով, որտեղ նա ասում է. «Մենք ուղղակի ականատես ենք բազմաթիվ անօրինականությունների, օրինակ փողոց են փակում, մարդկանց են ծեծում որոնց մասին պարզապես բողոք չկա: Վախեցած և ընկճված մթնոլորտ է քաղաքում, և ինձ թվում է՝ դրա մասին բոլորը գիտեն: Ես պատերազմ չեմ հրահրում, ուղղակի ուզում եմ, որ էջմիածնեցին խաղաղ ու ինքնավստահ ապրի: Դրան հասնելու համար ես շատ բանի եմ պատրաստ: Բայց մյուս կողմից ես ահազանգ չունեմ: Մարդիկ վախեցած են»:

Երկու շաբաթ անց նոյեմբերի 7-ին «Հայոց աշխարհում» Աբգարյանը հերքում է «Ազգի» հարցազրույցը, ասելով, որ իր հետ նման հարցազրույց տեղի չի ունեցել: Ըստ պտտվող լուրերի, քաղաքապետի նկատմամբ գեներալը կոշտ վերաբերմունք է դրսևորել:

2005 թվականին արդեն գեներալ Գրիգորյանը քաղաքապետ է դարձնում իր մարդուն՝ Գագիկ Ավագյանին, ու քաղաքը վերջնականապես անցնում է նրա տիրապետության տակ։

Բռնություններ ու կամայականություններ

2003 թվականի սեպտեմբերի 13-ին, կեսգիշերին Էջմիածնի Պատկանյան հասցեում գտնվող բիլիարադանոցից դուրս բերվեց 28 ամյա Ավետիք Դանղյանի կիսամեռ մարմինը: Երիտասարդին ծեծել էին միայն նրա համար, որ «հանդգնել էր» մերժել բիլիարդանոց մտած գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի` իր առջև ծնկի գալու հրամանը:

Ավետիքի մերձավորներից մեկը պատմում է. «Սեփական խաղատանը «օտար» այցելու տեսնելով՝ գեներալը հարկադրում է Ավոյին իր առջև ծունկի գալ: Բնավորությամբ չկոտրվող Ավոն հրաժարվում է, ինչի արդյունքում էլ դառնում է գեներալի հերթական զոհը»:

Գեներալը մի քանի տասնյակ մարդկանց ներկայությամբ ծեծում է երիտասարդին: Միջադեպի վկաներից ոչ ոք չէր համարձակվել միջամտել, այնքան ժամանակ, մինչև գեներալն ինքնաբավարավել էր, իսկ Ավոն գիտակցությունը կորցրել է վերջին հարվածից հետո, երբ բիլիարդի խաղաձողը գեներալը մխրճել է տղայի մարմնի մեջ:

Լուսաբացին վատ լուրն արդեն քաղաքի սեփականությունն էր, խոսում էին բոլորը, բայց միայն շշուկով: Կատարվածի մասին լռությունը չխախտեցին նաև տուժողի հարազատները:

«Մեզ վախեցնում էին, ասում էին, եթե բողոքենք, ավելի վատ կլինի: Մեր տան մեջ մենք պատանդ էինք: Անգամ Ավոյին հիվանդանոց չթողեցին տանեինք, բուժում էինք, ինչպես և ինչով կարողանում էինք։ Դրա համար էլ դատաբժշկական եզրակացություն չկա։ Տունն անգամ հսկողության տակ էին առել, որ հանկարծ չբողոքենք»,-պատմում է տուժողի ազգականը։

2005 թվականի հունվարին, օրը ցերեկով, Էջմիածնի շուկայի մոտ գեներալը ծեծում է հայ առաքելական եկեղեցու սպասավոր Տեր Խաչատուր աբեղա Կնյազյան (ներկայումս հայ առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի հովիվ), այն բանի համար, որ իբր հոգեւորականը սխալ տեղ էր ավտոն կանգնեցրել։ Ականատեսը, որը չցանկացավ ներկայանալ, պատմում է. «Երբ հոգևորականը ծանրաբեռնված դուրս եկավ շուկայից`իսկույն ևեթ ենթարկվեց գեներալ Գրիգորյանի հարձակմանը`թե ինչու է մեքենան այդտեղ կանգեցրել: Չհասցնելով պատասխանել՝ բռունցքների տարափ է ստանում գլխին»: Օրեր անց ականատեսներից մեկը ասելու էր` թե քյուֆթա գնելու եկած տեր հայրը կես ժամ անց ինքն անձամբ էր քյուֆթա դարձել:

Դեպքը չսասանեց հոգևոր դասի և Վեհափառ հայրապետի անդորրը, և նրանք հարցը պատերի տակի խոսակցություններից չտեղափոխեցին օրենքի հարթություն: Քանի որ Էջմիածնի իրականության մեջ իշխանությունն էլ, օրենքն էլ, տվյալ դեպքում` եկեղեցին էլ շղթայի այն օղակներն են, որոնք գեներալի իշխանության տակ են: Կաթողիկոս Գարեգին Բ-ն ընդամենն իր դժգոհությունն էր հայտնել գեներալին և նրանից ստացել պատասխան. «Հոգևորականի հագուստով չէր`որտեղի՞ց իմանայի, թե ով է»։

2006թ. քաղաքապետարանի բարեկարգման նախկին տնօրեն Սեյրան Գրիգորյանին աշխատանքից ազատելուց առաջ Գրիգորյանի որդու շրջապատը նրան դաժանորեն ծեծում է։

Սեպտեմբերի 25-ին երեկոյան ութի մոտ գեներալի որդին՝ Կարեն Գրիգորյանը Կիրովի փողոցի վրա մի երևանցու ծեծել է, հետո ոտքին կրակել, քանի որ մեքենա վարելը նրա դուրը չի եկել։ Երբ պետական և հասարակական մարմիններն իմանում են դեպքի մասին, գեներալի մարդիկ տարածում են, թե կրակողը եղել է գեներալի փեսան՝ Արտակ Պողոսյանը, որպեսզի փրկեն փոխքաղաքապետի հեղինակությունը։ Սակայն երբ տուժողին սպառնալով ստիպում են հատուցում չպահանջել, դեպքը կոծկում են վերջնականապես։ Ոստիկանության լրատվության բաժնից հաղորդում են, որ նման դեպք չի եղել Էջմիածնում։

Ալավերդյան փողոցում, ուր 2004 թվականից բնակություն է հաստատել Մանվել Գրիգորյանը, տները կտրուկ արժեզրկվել են: Քանի որ մարդիկ վախենում են գեներալի հարեւանությամբ ապրել։ Քաղաքում կես կատակ, կես լուրջ ասում են, որ այդ փողոցի տները մեկ պարկ ալյուրի գնով էլ չեն վաճառվում: Այստեղ բնակիչները ամեն լուսաբացին հարկադրաբար գեներալի հետ հեծանիվ են քշում:

Այս փողոցում մահվան թափորի երթն արգելված է: Տարածքում հանգուցյալ ունեցողները մեռելը այգիների միջով են դուրս բերում գերեզմանատուն…

… Քաղաքապետարանի նախկին պաշտոնյա Սուսաննա Հարությունյանը ասում է. «Շուկան իրենցն է. եթե 70 տարեկան մի տատիկ մի կապ կանաչի բերի` ծախի, ոստիկանները, որ կոչված են հասարակական կարգ ու կանոն պահպանելու, քացով կտան եղածը կթափեն: Այսինքն՝ իշխանական բոլոր լծակներն էլ է օգտագործում ի շահ իրեն. ջարդելով մտցնում են շուկա»:

Որպեսզի գեներալին պատկանող հացի գործարանի արտադրանքը լավ սպառվի, գեներալը կարգադրել է մյուս հաց արտադրողներին որոշակի չափից ավել հաց չարտադրել։

Գեներեալ Գրիգորյանը քաղաքում ինչ հավանում, խլում է տիրոջ ձեռքից, այդպես նա խլել է «Գրիգոր Լուսավորիչ» համալսարանը (հիմնադիրները չեն ցանկանում այդ մասին խոսել), բենզալցկայան և այլն։

Սուսաննա Հարությունյանը ասում է, որ գեներալները «Պատերազմը սարքել են Քաջ նազարի դրոշակ: Ի՞նչ է Երկրապահ կամավորականների միությունը (Պատերազմի վետերանների կազմակերպություն, որի նախագահը Մանվել Գրիգորյանն է), մի տեղ ծեծում են, մի տեղ սպանում: Պատերազմի արհավիրքը բոլորս ենք տեսել, դրա հասցրած վնասները կրել ենք ամենքս: Պատերազմը հաղթել ենք ազգովի, հո՞ մենակ Մանվելը չի հաղթել: Նրա թիկնապահները ամենուր հարբած վիճակում մարդկանց են ծեծում և հայտարարում, որ Մանվելը հերոս է: Իմ կարծիքով այդպիսով ինքը չի հերոսանում, ընդհակառակը անընդհատ ցածրանում է: Կռվել է, լավ է արել, խոնարհվում ենք նրա բոլոր քաջագործոթւյուների առաջ, հո կրակը չենք ընկել: Թող պետությունը իրեն կանչի ասի`ախպեր ջան, քեզ տասը հատ տուն ենք տալիս, 60 հատ կալոնկա (գազալցակայան) միայն թե դու քո գյուղացուն, քո հարևանին, քո բարեկամին մի դիպչիր, մի ոտնահարիր նրանց ինքնասիրությունը: Թե չէ ատրճանակը մարդկանց ճակատին պահելով պատիվ չես ստանա: Այն ստանում են կյանքով ու կենսագրությամբ: Լավ, պատերազմի ժամանակ հաղթել են թշնամուն, հիմա ու՞մ են ուզում հաղթել։ Մեր ժողովրդի՞ն։ Թե չէ այն տպավորություն ունեմ, որ ներքին ագրեսիա ունեն այս ժողովրդի հանդեպ: Ինչպե՞ս կարելի է, եթե ագրեսիա կա, թող այն դրևորվի արտաքին թշնամիների դեմ»:

Գեներալ Մանվել Գրիգորյանի իշխանությունը

Ինչպես նախորդ քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանը, այնպես էլ Գագիկ Ավագյանը, պաշտոնը ստանձնելուց հետո քաղաքապետարանը մաքրեց անցանկալի մարդկանցից ։

Աշխատակազմն էլ ավելացվեց, 42-ից դարձավ 140։

Էջմիածնի քաղաքապետի տեղակալ նշանակվեց գեներալ Գրիգորյանի որդին` Կարեն Գրիգորյանը, որն էլ քաղաքապետարանի ներսում հարցեր լուծողն է, խորհրդական` ԵԿՄ Էջմիածնի տարածքային կազմակերպության նախագահ Խաչիկ Մկրտչյանը, որ կոորդինացնում է քաղաքապետարանի ողջ աշխատանքը: Մինչ այդ գեներալի աղջիկը՝ Նաիրա Գրիգորյանը, նշանակվում է Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր:

Մարզի պետպատվերով շինարարությունը, մասնավորապես դպրոցաշինությունը՝ իրականացնում է Գրիգորյանի տիկնոջ` Նազիկ Ամիրյանին պատկանող «Արա և Այծեմնիկ» ՍՊԸ-ն: Շինարարության համար հայտարարված մրցույթներում միայն այս կազմակերպությունն է մասնացում ու հաղթում։ Վերջին 4 տարում այն վերանորոգել է 18 դպրոց՝ մոտ 700 հազար դոլարով։ Այժմ սկսել են նաև մարզի մանկապարտեզներն ու գյուղապետարանները վերանորոգել։

Սեփականշնորհում

1996-2002 թթ Էջմիածնի քաղաքապետ Երվանդ Աղվանյանի իշխանության դրական կողմը, որ մնացել է էջմիածինցիների հիշողության մեջ` քաղաքը զինվորականներից հնարավորին չափ հեռու պահելն էր: Քաղաքապետարանը որեւէ շենք կամ օբյեկտ չի սեփականաշնորհել գեներալներին։ Նրանց շենքեր է սեփականաշնորհել միայն կառավարությունը։

2003 թվականին 1քմ 3500 դրամով ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանին (գեներալ Գրիգորյանի եղբորորդին) վաճառվեց Սպանդարյան փողոցում գտնվող, երկու մասնաշենքով, երկհարկանի մանկապարտեզի շենքը, որն էլ վերավաճառվեց գործարար Էդուարդ Սախկալյանին: Շենքը ներկայումս վերակառուցվել է բնակելի տների ու վաճառվել:

Աբգարյանի օրոք գեներալ Գրիգորյանին սեփականաշնորհվեց Էջմիածնի երկրորդ երաժշտական դպրոցի առաջին հարկը՝ 300 հազար քմ-ն 300 հազար դրամով, տրվեց նրան քաղաքապետարանի դիմացի տարածքը, որտեղ գեներալը կառուցել է սրճարան, նաև այլ հողատարածքներ…

…Գեներալ Գրիգորյանին է սեփականաշնորհվել նաև Ռադիոդպրոցի շենքը։

Դժգոհ էջմիծինցիներից մեկն ասում է. «Քաղաքը ռազմականացրեցին: Ոնց պտտվում ես` դրանց օբյեկտներն են: Մի քաղաքապետարան կար, որ իրենցը չէր, էն էլ գրավեցին: Եթե առաջ մեզ հոգևոր քաղաքի բնակիչներ էինք համարում, հիմա` զինվորական»:

Գրիգորյաններին է պատկանում նաև Երևան-Էջմիածին երթուղային «գիծը»: Մինչ այսօր «գիծը» սպասարկել է Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղում գտնվող Էջմիածնի «ԱՏՁ», որը պատկանում է Գրիգորյանի եղբորորդուն` ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանին: Երթուղու սպասարկումը իրակացնելու համար հայտարարված մրցույթները միշտ շահում է Էջմիածնի «ԱՏՁ»: Ուղևորների փոխադրումը իրականացվում է համար 111 ավտոբուսներով, և «Երևան-Էջմիածին» գազելներով:

Առավոտյան և երեկոյան, երբ տրանսպորտից օգտվողների թիվը շատանում է, տաքսիները Երևան-Էջմիածին իրենց ծառայությունն են առաջարկում` յուրաքանչյուր ուղևորի դիմաց 250-500 դրամով կամ ավելի էժան (երթուղայինի գինը 250 դրամ է): Սակայն Գրիգորյանների մարդիկ գալիս ծեծում են վարորդներին, որ իրենց ձեռքից ուղևորներ են տանում։

«Քանի անգամ եմ տեսել, թե ինչպես են ծեծում Երևանից Էջմիածին եկած տաքսու վարորդներին, որոնք, ներքին օրենքներին անհաղորդ լինելով, գալիս են կանգառ և առաջարկում իրենց ծառայությունը ընդամենը 250 դրամով,-ասում է մի Էջմիածնեցի, պատկերացնում եք այդ խեղճ վարորդները իրենց անտեղյակության պատճառով կրակն են ընկնում»:

«Մարդ են կանգնեցնում տաքսիների մոտ, որ հայտնաբերեն ուղևոր փախցնողներին` Հրանտ Գրիգորյանի մոտ բերման ենթարկելու համար: Բայց չէ որ ուղևորը ազատ է ընտրության հարցում, և եթե 250 դրամ վճարելով գազելի ծառայության համար, նույնքան էլ վճարում է տաքսուն, որի սպասարկումն ավելի արագ է և որակով, ապա ինչո՞ւ , ի՞նչ իրավունքով են բռնանում մարդու ազատ կամքին», – ասում է Սուսաննա Հարությունյանը:

Հոդվածն ամբողջությամբ՝ Inknagir.org