Եղվարդի խճուղում գտնվող «Էլիպս» գործարանի հարակից շենքի մոտ այսօր շուրջ երեք տասնյակ քաղաքացիներ հավաքվել են՝ պահանջելով իրենց նախկին աշխատավայրը, որը նաև բնակելի շենք է, տրամարդել իրենց բնակություն հաստատելու համար։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է բողոքի ցույցին մասնակցող Անուշ Հարությունյանը։
Շենքի տարածքում նախկինում գործել է Էլբրուս գիտահետազոտական ինստիտուտը։ Ինստիտուտի աշխատակիցներից երկուսի ընտանիքներն այժմ չորս հարկանի շենքի առաջին հարկը բնակեցրել են, մյուս երեք հարկը մնացել է դատարկ։ «Էլիպս» գործարանի տնօրինությունը պնդում է, որ ձեռք է բերել այդ տարածքը և ցանկանում է մարդկանց հանել այնտեղից:
Գիտահետազոտական ինստիտուտի նախկին աշխատակիցները, որոնք այժմ ապրում են վարձով, ցանկանում են նոր Կառավարության ուշադրությունը հրավիրել իրենց խնդրի վրա։
«Բոլորս փողոցում մնացած վարձով ապրող մարդիկ ենք։ Չգիտենք, թե ինչ հիմքերով են իրենք սեփականացրել [ինստիտուտի շենքը]։ Հարցնում ենք, ասում են՝ դա ձեր գործը չի, մեր ներքին խոհանոցն է։ Ամեն մեկս մի քանի անչափահաս երեխեք, բանակում ծառայող զինվորներ ունենք, մնացել ենք դրսում, վարձով տան հույսին։ Բնակելի շենք է, փոխանակ մեզ այնտեղ ապրելու հնարավորություն տան, թողել են, մնացել ենք դրսում»,- վրդովված ասել է Անուշ Հարությունյանը։